Դատարանը սահմանափակել է Սամվել Կարապետյանի տեսակցությունները. փաստաբան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանին հարցրինք՝ դատավորը կալանավորման հիմք, որպես այդպիսին, ի՞նչ է նշել։ «Նախ՝ հիմնավոր կասկածը դատարանը գտել է, որ առկա է, քննիչը 3 հիմք էր ներկայացրել՝ փախուստի դիմելու, թաքնվելու հավանականություն, հանցանք կատարելու հավանականություն եւ քննությանը խոչընդոտելու հավանականություն։ Դատարանը 2 հիմքն է գտել, որ առկա է տվյալ փուլում՝ թաքնվելը եւ քննությանը խոչընդոտելը»։

– Ինչպե՞ս պետք է խոչընդոտեր։

– Անկեղծ ասած, իր գրածն ինձ համար խիստ անընդունելի է։ Իրականում, այս ձեւի բան ես չեմ տեսել, եւ երեւի չենք էլ տեսնի:

– Ամեն դեպքում, դատարանն ի՞նչ է ասում՝ ինչպե՞ս կարող է խոչընդոտել։

– Ասում է՝ քանի որ քննությունը գտնվում է սկզբնական փուլում, ապացույցների ձեռքբերման փուլ է, իսկ քննիչը գրել է, որ դեռեւս բազմաթիվ քննչական գործողություններ կան, վկաներ պետք է հարցաքննվեն, իսկ Կարապետյանը, տիրապետելով հսկայական միջոցների եւ այլն, եւ այլն, տեսականորեն կարող է խոչընդոտել։

– Այլընտրանքային խափանման միջոց քննարկվե՞լ է։

– Մենք միջնորդել էինք, որ ծայրահեղ դեպքում գոնե այլընտրանքներ կամ դրանց համակցություն, դատարանը բոլորը մերժել է, տեսակցությունները սահմանափակել է: Ամենավատ որոշումն է, այսպես ասած։

– Բացի այդ տեսանյութից, որտեղ Կարապետյանն այդ մեկ արտահայտությունն է անում, գործում այլ ապացույց կա՞։

– Ոչ, ոչինչ չկա։ Քննիչը տեսանյութը զննել է եւ այս տեսանյութի զննության հիման վրա  գրել է, որ հաղորդում եմ տալիս, որ այս տեսանյութում այսինչն է։

– Կարապետյանի մասին Փաշինյանի գրառումները Դուք ներկայացրե՞լ եք դատարանում` որպես ակնհայտ քաղաքական հետապնդման ապացույց։

– Չէ, ես չեմ ընթերցել, ես բացառապես իրավական հարթության վրա եմ աշխատում։

– Կարապետյանն իր խոսքում դատարանում չանդրադարձա՞վ Փաշինյանի սպառնալիքներին։

– Մենք այդ անունն ընդհանրապես դատարանում չենք հոլովել։

– Իսկ դատարանում Կարապետյանը «Մենք մեր ձեւով կմասնակցենք» արտահայտությունն ինչպե՞ս է բացատրել։ 

– Ներկայացրել է՝ ես խռովարար չեմ, պառակտող չեմ, ես կոչ չեմ արել զավթելու, ինչպես դուք եք ներկայացնում։ Ասաց՝ ինձ համար տհաճ է, որ հայ եկեղեցու վրա տարբեր ոտնձգություններ են տեղի ունենում, դրսում էլ դա հաճելի չէ, ամեն ինչ պետք է անեի, որ այդ իրավիճակը հանդարտեցնեի, հաշտեցնեի` այդ ոճի մեջ։ Դատարանն ընդամենը հարցրեց՝ ի՞նչ եք նկատի ունեցել, ասաց՝ առաջին, որ դա որեւէ կոչ որեւէ մեկին չի եղել, առավել եւս՝ զավթելու, «մասնակցել մեր ձեւերով»՝ նկատի եմ ունեցել իրավիճակը հանդարտեցնել, հաշտեցնել։

Տեսանյութեր

Լրահոս