
Մի չարչի հակահայ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. մի բան ունենք անելու՝ իրեն պինցետով վերցնել և դուրս շպրտել. Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները մնացել են իրենց նեղ, ճղճիմ հետաքրքրությունների շրջանակում, որը Հայաստանն ամբողջովին լիկվիդացնելն է:
«ՀՀ-ի վրա փակցրել են «լիկվիդացիոն գներ» ցուցանակը, և մի չարչի, տգետ հակահայ փորձում է մեր երկիրը վաճառել: Նա դա անում է հայի և հայկականության հանդեպ համակ ատելությամբ, ցինիկ մեծախոսությամբ և պոռոտախոսությամբ, մեծագույն սիրով և հաճույքով, որովհետև ինքն ի սկզբանե ատել է այն ամենը, ինչը հայկական է, հայ ժողովուրդ է: Ինքը հայ ժողովրդին պատերազմ է հայտարարել երկրի ներսում: Ցավալին այն է, որ այս պատերազմում զոհվում է մի ամբողջ ժողովուրդ, ոչնչանում է հավատը, եկեղեցին, մեր ժողովրդի՝ ապագայի նկատմամբ տեսլականը: Քանի դեռ մենք խելքներս գլուխներս չենք հավաքել, ոտքի չենք կանգնել և հավուր պատշաճի չենք պատերազմել, չենք մարտնչել այս վայրագ թշնամու դեմ, մենք պարտված ենք լինելու: Քանի դեռ չենք հասկացել, թե ինչ է ուզում այս անձը մեր ժողովրդից, մեր երկրից, պետականությունից, մենք պարտված ենք մնալու: Քանի չենք հասկացել, որ միասնականությամբ միայն կարող ենք այս դավաճանին հաղթել, մենք պարտված ենք մնալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հանդեպ սկսված քաղաքական հետապնդմանը՝ նա նշեց, որ գոնե այսպիսի դեպքերը պետք է միավորեն և ոտքի հանեն ժողովրդին. «Մենք մի անելիք ունենք որպես ժողովուրդ և հասարակություն՝ ազատագրել երկիրը: Այն պայքարը, որը պետք է մղել Փաշինյանի դեմ, պետք է լինի կենաց-մահու ազգային-ազատագրական պայքար: Եթե տեղային պայքարներ մղենք, իրար դեմ պայքարենք, Նիկոլ Փաշինյանի ինչ-որ արածը վերլուծենք, քննադատենք, մենք այդտեղ էլ ենք պարտված: Միասնական մեկ հարված պետք է տրվի՝ միասնական մեկ կետի, և այդ մեկ կետն ազգատյաց, հայադավ Նիկոլ Փաշինյանն է և նրա իշխանությունը: Մենք մի բան ունենք անելու՝ իրեն պինցետով վերցնել և դուրս շպրտել վարչապետական աթոռից. իր մի քանի համախոհներին՝ նույնպես»:
Մարգարիտ Եսայանն ուզում է գործող իշխանությունների պատիժը տեսնել. «Ես ուզում եմ հենց հիմա դրանց պատիժը իմ աչքի առաջ տեսնել, և եթե պատժողները քիչ են կամ բավարար չեն, ես պատրաստ եմ 10-20 ձեռքով կանգնել, դրանց հեռացնել, որպեսզի այդ պատիժը ես տեսնեմ, որովհետև միայն այդ դեպքում ես համոզված կլինեմ, որ իմ երեխաներին, իմ թոռներին, իմ հարազատներին ես թողնում եմ հայկական Հայաստան և թողնում եմ հայրենիք: Փաշինյանն օրենքով սահմանված կարգով դատվելու է և երանի է տալու, որ մեռած լիներ: Պատժվելու է օրենքի ամենայն խստությամբ, հանգստի մասին ինքն այլևս չի կարող երազել: Ինքը հիմա էլ հանգիստ չէ: Իր մտասևեռումների մեջ ինքը խենթության նոպաներ ունի: Այո, ինչ-որ մասով ինքն իրեն գժի տեղ դնում է, բայց զուտ մարդկայնորեն նա անգամ ինքն իրենից է վախենում: Չեմ զարմանա, որ վախից ինքն իրեն ոչնչացնի»:
Անդրադառնալով այս իրավիճակում գործարարների լռությանը, նա նշեց, որ լավ կլինի՝ խելքները գլուխները հավաքեն. «Եթե, առաջին հերթին, բոլոր էն օլիգարխները, որոնք ՀՀ անկախության բոլոր 30 տարիներին հարստացել են, թռփոշացել են, բիզնեսներ, տնտեսություններ, մեքենաներ ունեն, պետք է այսօր կանգնեն Սամվել Կարապետյանի կողքին, որովհետև եթե այսօր իրենք չկանգնեցին և իրենց տնտեսությունում աշխատողներին չհանեցին փողոց և չսկսեցին այդ պայքարը, վաղն իրենք հայտնվելու են Սամվել Կարապետյանի հետ նույն տեղում:
Որպես 2018-ի գեհենով անցած գործիչ՝ ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն մարդիկ, որ այսօր ասում եք՝ վախենում են, 2018-ին իրենց բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները հանել էին հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Հիմա թող խելքները գլուխները հավաքեն, մի քիչ հասկանան, թե իրենց վաղը ինչ է սպասվում: Իրենք կորցնելու բան ունեն, իրենք կայսրություն ունեն կորցնելու, ինչպես 2018թ. ապրիլի 23-ին ինձ ասաց Սամվել Ալեքսանյանը, հո՜պ, թռավ Նիկոլի գիրկը: Հիմա իրենք կորցնելու բան ունեն: Իրենք ուժ են ներկայացնում»:
Հարցին՝ Սամվել Ալեքսանյանը, որը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է Կարապետյանի հետ, ինչո՞ւ գոնե հայտարարություն չի անում, նա պատասխանեց. «Երևի Արուս Կովկասսկիի հետ պարում են դեռ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում