
«Զորքն ու տեխնիկան, որը զորավարժությունների անվան տակ կուտակում են Նախիջևանում, միայն Հայաստանի համար չէ, նաև Իրանի համար է». Հայկ Նահապետյան

Իսրայելն այսօր լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ելույթ է ունեցել Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո` մասնավորապես նշելով, որ Իսրայելը հարվածով «իրեն դառը և ցավալի ճակատագիր է պատրաստել» և պետք է սպասի «խիստ պատժի»:
Իրանը պատասխանը չուշացավ, Times of Israel-ի փոխանցմամբ, Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումից հետո Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել:
Ըստ նրա՝ մի քանի ժամ կպահանջվի, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը, խոսելով Իրան-Իսրայել լարվածության հնարավոր զարգացումների և Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանին սպասվող սպառնալիքների մասին, նկատեց՝ առայժմ հրթիռակոծումներ են, լայնածավալ ռազմական գործողություններ կլինեն այն ժամանակ, երբ հրթիռակոծումներից հետո ցամաքային զորքերը փորձեն մի քանի պետությունների տարածքից մտնել Իրանի տարածք։
«Իրանում Իսրայելն իր նպատակին հասնելու համար 3 գործիք կարող է օգտագործել՝ այն, ինչ վաղ առավոտյան արեց, ցամաքային օպերացիա և ներքին խժդժություններ, հակապետական կոչեր, որպեսզի Իրանի ներսում ստեղծվի անկայուն վիճակ։ Այնպես չէ, որ Իսրայելը միայն հարվածներ է հասցրել և չի տուժել, բավականին տուժել է։ Աշխարհում 2 պետություն են կիրառել հիպերձայնային արագության հրթիռներ, այդ պետություններից մեկն Իրանն է։ Իսրայելի «երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգն այդ հրթիռները չի կարող որսալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Շարունակելով միտքը՝ Հայկ Նահապետյանը կարծիք հայտնեց, որ Իրան-Իսրայել այս հրթիռակոծումները դժվար թե երկար շարունակվեն։ Իրանի միջուկային շատ օբյեկտներ, բալիստիկ հրթիռները, տարբեր գնահատականներով՝ 80-120 մետր խորության վրա են։ Այն հրթիռները, որոնք հիմա Իսրայելն օգտագործում է, կարող են հասնել առնվազն 30 մ խորության։ Իրանի և հրթիռային համակարգը, և միջուկային հետազոտությունների արդյունքները գտնվում են ապահով լեռներում։
Խոսելով տարածաշրջանի վրա այս գործողությունների հնարավոր ազդեցության մասին, մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է կյանքի ճանապարհ, հատկապես՝ պատերազմական իրավիճակներում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանն է եղել Հայաստանի կյանքի ճանապարհը, այլ ոչ թե Վրաստանը։ Հետևաբար՝ այս իրավիճակում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են իրավիճակից օգտվել և ուժով Սյունիքում «միջանցք» վերցնել։
«Ես չեմ բացառում թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի վրա։ Նախ՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները դրանք այդքան էլ զորավարժություն չեն, զինտեխնիկայի կուտակում է մեր սահմանին։
Իսրայելն Իրանին օդային հարված հասցնելու համար օգտագործում է Ադրբեջանի օդանավակայանները, բնականաբար, Իրանը դրան պատասխանելու է։ Եթե Իրանին ցամաքային հարված հասցվի, Իսրայելի համար ցանկալի է, որ այն լինի Նախիջևանի կողմից։
Այս զորքն ու տեխնիկան, որը զորավարժությունների անվան տակ կուտակում են Նախիջևանում, միայն Հայաստանի համար չէ, նաև Իրանի համար է։
Բայց Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու որոշում ընդունողը ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ էլ Թուրքիան, այլ Մեծ Բրիտանիան է»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։