
Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև ցամաքային ուղիներում Հայաստանը կարևոր դիրք ունի. խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մասնակցել է պանելային քննարկման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախարար Միրզոյան. «Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն՝ խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:
Առաջին ակնհայտ փաստը. մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ և խորացնում ենք մեր կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ: Մենք, կրկին, զգալիորեն խորացնում ենք այդ կապերը:
Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում: Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ, կան ցամաքային ուղիներ: Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:
Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանն՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:
Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը»: