
Էժան մանիպուլյացիաների փոխարեն

Հունիսի 10-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ «Իսակովի հողերի» կեղծ գործով դատարանը վերացրեց «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ այն փոխարինելով 5 միլիոն դրամ գրավով…
Ու սկսվեց…
Երկրորդ նախագահին հարող որոշ ստատուսագիրներ սկսեցին թափանցիկ և ոչ այնքան թափանցիկ ակնարկներ անել, իբրև թե 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իշխանությունը լոյալ է, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հալածվում է իշխանության կողմից, մինչդեռ տեսե՛ք՝ 3-րդ նախագահի խափանման միջոցը փոխվեց… Մի խոսքով՝ հայտնի «պասերով, պասերով» էժան տրամաբանության մեջ: Այդ նույն շրջանակները, իհարկե, չեն ասում, որ նույն Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի կողմից սադրված «Մարտի 1»-ի գործով մաքրվել է «դարի խարանից»՝ ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի օգնությամբ: Բայց սա այդ շրջանակներին ձեռնտու չէ հիշել: Հարցրեք որևէ իրավաբանի, ձեզ կբացատրի դրա բոլոր նրբությունները:
Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանի հետ կապված իրավիճակը բոլորովին էլ լուսապայծառ չէ, ինչպես թվում է Ռոբերտ Քոչարյանի համակիր 2-րդ էշելոնի ակտիվիստներին… Կա՛մ պատշաճ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են անում. տարբերությունը մեծ չէ, արդյունքը՝ միևնույնը. հանրության մոտ թյուր տպավորությունը ստեղծված է:
Եվ այսպես, ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանի նկատմամբ պատվիրված քրեական վարույթներով առկա իրավիճակը.
- Այս պահին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալ է 4 քրեական գործով:
- Դրանից առնվազն երկուսով այս պահին կիրառված է «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ համակցված գրավով:
- Սերժ Սարգսյանը 3 գործով՝ «Իսակովի գործ», «Դիզելի գործ», «Բաղդասարովի գործ», մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, մեկ գործով՝ «Դիզելի գործ», ծանր հանցանք կատարելու մեջ:
- Ուղիղ 5 տարի է՝ ՀՀ 3-րդ նախագահը դատարաններում է: Արդարացված «Դիզելի գործով» արդարացումը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:
- Սերժ Սարգսյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով:
Ի դեպ, 3-րդ նախագահը բոլոր վերաբերելի գործերով մերժել է վաղեմության հիմքով գործը կարճելու առաջարկը, գերադասել է ևս պայմանական 5 տարի անցնել դատական գործերի ու դատաքննությունների միջով, բայց ապացուցել իր անմեղությունը:
Հասկացողը՝ հասկացավ:
Եվ 3-րդ նախագահի վերաբերյալ հարուցված քրեական գործերի ու դրանց ընթացքի մեջ տեսնել երևակայական սցենարներ, մեղմ ասած, բարոյական չէ: