Ի՞նչ են բանակցում Իրանի հետ Էրդողանն ու Ալիևը, և ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Թուրքիա և Իրան
Ռեգիոնալ երկրների ղեկավարների միջև ինտենսիվ շփումներ են ծավալվում, այս դեպքում՝ հեռախոսազանգեր։
Այս օրերի ընթացքում հեռախոսազրույցներ են ունեցել Էրդողանն ու Փեզեշքիանը, Ալիևն ու Փեզեշքիանը, Փաշինյանն ու Էրդողանը, ինչպես նաև Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց է նախաձեռնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ «Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասված էր անդրադարձում։ Բացի այդ, նշվում էր, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր՝ պայմանավորվելով շարունակել երկխոսությունը։
Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցը նախաձեռնել է Փաշինյանը, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հաղորդագրության համաձայն, ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ Էրդողանը հայտնել է իր գոհունակությունը Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ։
Այս հաղորդագրությունում ևս նշված էր, որ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Վերջին շրջանում սա Փաշինյանի ու Էրդողանի երկրորդ շփումն է։ Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը շփում էր ունեցել Էրդողանի հետ, ապա, Էրդողանի ու Ալիևի հետ միասին, որը երևում է գագաթնաժողովից տարածված մի շարք տեսանյութերից։
Բացի այս, Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և շնորհավորել նրան Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված էր հաղորդագրությունում։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի ու Իրանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից առաջ, նախօրեին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցներ էին ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները՝ քննարկելով ռեգիոնալ ու երկկողմ թեմաներ։
Իսկ ավելի վաղ՝ մայիսի 29-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին, օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել էր Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել էր Ռեջեփ Էրդողանը: Նա նաև հավելել է, որ ակնկալում են, որ հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները Թուրքիայի ուղղությամբ իրենց քաղաքականությունը չեն փոխում և հետևողականորեն ընթանում են սերտ ու ջերմ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Ըստ նրա, ՀՀ իշխանությունները դեռ հույս ունեն, որ Թուրքիան կառուցողական դերակատարում կունենա Երևան-Բաքու կարգավորման հարցում՝ ինչ-որ տեղ մեղմելով Բաքվի պահանջները։
«Սակայն Թուրքիան հստակ հասկացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ հարցերը լուծելուց հետո, Թուրքիան ցույց է տալիս, որ թեև ՀՀ-ի հետ հարաբերություններում ներկայումս Թուրքիան խնդիր չունի, դրանք պատրաստ են կարգավորման, սակայն չեն կարգավորվում և պայմանավորված են երրորդ երկրի ազդեցությամբ, ինչը քաղաքականապես կոռեկտ չէ։ Սակայն դա ՀՀ որոշումն է։ Այնուամենայնիվ, ներկայումս հեռավոր են թվում թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական կարգավորման հեռանկարները»,- ասաց վերլուծաբանը։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին չի բացառում, որ ԻԻՀ նախագահի հետ Էրդողանն ու Ալիևը քննարկում են ռեգիոնում ճանապարհների բացման թեման։
«Էրդողանի վերջին հայտարարություններն Իրանի հետ հարաբերությունների ու, այսպես կոչված, միջանցքի վերաբերյալ, ինչպես նաև Փաշինյանի հեռախոսազանգերը ցույց են տալիս, որ գուցե կա գործընթաց, որը տեսանելի չէ, և գուցե Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են «աշխատել» Իրանի հետ՝ փոխելով Իրանի հաստատակամ դիրքորոշումը, այսպես կոչված, միջանցքի հարցում։ Հետագա հայտարարությունները ու կոնտակտները թույլ կտան ավելի կայուն կանխատեսում անել, սակայն ռեգիոնալ այս ինտենսիվ կոնտակտները թույլ են տալիս ասելու, որ խոսակցության թեման միանշանակ ռեգիոնալ է, և հայկական կողմն ամենայն հավանականությամբ փորձում է իր հերթին տրամադրություններ հասկանալ։ Կարելի է մակերեսայնորեն ասել, որ հեռախոսազանգերի առիթը մուսուլմանական տոնն է, սակայն, կարծում եմ, այն առիթ է քննարկելու նաև խորքային հարցեր»,- նկատեց նա։



