
Հայուհի Անի ծաղկե գլուխգործոցները զարդարում են ոչ միայն «Ռիցը», այլև Վերսալի պալատը, «Գարնիե» օպերան, «Օրսեյ» թանգարանը, «Շանելի» ու «Դիորի» դեֆիլեները. Արտակ Հերիքյան

5-րդ ալիքի լրատվական ծառայության ղեկավար Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեղեցիկի մասին:
Ան Վիչենը «Ռիցի» ծաղիկների տիկինն է: Փարիզի այդ շքեղագույն հյուրանոցում հենց այդպես էլ կոչվում է նրա պաշտոնը՝ « Dame des fleurs »: «Ֆլորիստը» անհամ բառ է, չի արտահայտում նրա երփներանգ ստեղծարարության ամբողջ հմայքը:
Անի ծաղկե գլուխգործոցները զարդարում են ոչ միայն «Ռիցը», այլև Վերսալի պալատը, «Գարնիե» օպերան, «Օրսեյ» թանգարանը, «Շանելի» ու «Դիորի» դեֆիլեները…
Անը «Հայլուրի» թղթակից Լիլիթ Գասպարյանի և օպերատոր Նորայր Շարբաթյանի հետ կիրակի երեկոյան գնաց Երևանի ծաղկի շուկա, մեղվի պես ծաղկից ծաղիկ թռչկոտեց, հավաքեց հայտնի ու անհայտ ծաղիկների մի փունջ ու … ծաղկային մի պոեմ նվիրեց մեր խմբագրությանը՝ կոմպոզիցիա, որի անունն է «Գարունը Հայաստանում»:
Անը առաջին անգամ էր Հայաստանում: Գարնան վերջին էր եկել մի քանի օրով: Նրա համար Հայաստանը հավերժ գարուն է: Նրա համար քարքարոտ Հայաստանը՝ ցորենի հասկով, դրախտավարդով ու հազվագյուտ այլ ծաղիկներով անթառամ ծաղկեփունջ է:
Անի համար Հայաստանը այն պարզ գեղեցկություններից է, որին նայելիս՝ ակամա լցվում է սիրտդ:
Անը հայուհի է: Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ: Նրան իր հայ տատիկներն ու պապիկները փորձել են չփոխանցել ազգային ցավի հիշողությունը:
Բայց նա ցավը կարդացել է նրանց աչքերում: Ցավը տեսել է հայ էմիգրանտների առօրյայում: «Մինչև 13 տարեկանը, ես ու քույրս տատիկիս հետ մի փոքրիկ սենյակում էինք քնում: Վիչենների հայկական ընտանիքը վատ էր ապրում Մարսելում»,- հիշում է Անը»: