Սիրիական ուժերը վերահսկողություն են հաստատել նախկինում ամերիկյան զորքերի զբաղեցրած աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակը վերահսկողություն է հաստատել աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերել իր ուժերը։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Սիրիական և ամերիկյան կողմերի միջև համակարգված աշխատանքի շնորհիվ Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ, ապահովել են ռամաբազայի և դրա շրջակայքի անվտանգությունը և սկսել են տեղակայվել Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանի երկայնքով՝ աթ-Թանֆ անապատում», – նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ ՊՆ սահմանապահ ուժերն իրենց պարտականությունները կստանձնեն առաջիկա օրերին։

Reuters-ը, հղում անելով հարցից իրազեկ երկու աղբյուրի, հաղորդում է, որ ամերիկյան ուժերը լքել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող աթ-Թանֆ ռազմաբազան և ուղևորվում են դեպի Հորդանան։

Ռազմաբազան, որը գտնվում է Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների հատման վայրում, ստեղծվել է ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի կողմից 2014 թվականին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով։

2025 թ․ նոյեմբերին Սիրիան միացել է ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիային նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքներով:

Թրամփը ցանկություն էր հայտնել Սիրիայից դուրս բերել ամերիկյան զորքերը դեռ 2019 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Wall Street Journal-ը, հղում անելով երեք ամերիկացի պաշտոնյայի, հունվարին հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը պլանավորում է ուժերի «լիակատար դուրսբերում» Սիրիայից:

Պենտագոնի՝ 2025 թ․ հուլիսին արված հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները Սիրիայում ուներ մոտ 1500 զինվոր:

Տեսանյութեր

Լրահոս