Բաժիններ՝

Դանիան Արկտիկայում գործի կդնի բոլոր զորատեսակները ՆԱՏՕ-ի առաքելության կազմում

Դանիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի «Արկտիկական ժամապահ» (Arctic Sentry) առաքելության կազմում գործի կդնեն իրենց  բոլոր զորատեսակները: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Դանիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ:

«Զինված ուժերի գլխավոր հրամանատարն այժմ կմշակի Դանիայի մասնակցության պլանը: Դա կլինի էական ավանդ, որը կներառի բոլոր երեք զորատեսակների տարրերը», – ասել է նա:

Լունդ Պոուլսենի հետ Բրյուսելում Արկտիկայի և Հյուսիսատլանտյան  անվտանգության հարցերին նվիրված հանդիպումներին են մեկնել Դանիայի կազմի մեջ մտնող Ֆարերյան կղզիների արտաքին գործերի և մշակույթի նախարար Սիրիդ Ստենբերգը և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտսֆելդտը: Գրենլանդացի քաղաքական գործչի խոսքով՝ «Արկտիկական ժամապահ» առաքելությունը հաստատում է այն, որ Արկտիկան «նույնպես ՆԱՏՕ-ի մաս է»:

«Դա շատ կարևոր քայլ է այն պատճառով, որ մենք վաղուց էինք ցանկացել տեսնել ՆԱՏՕ-ի ավելի լայնածավալ ներկայությունը, – ասել է Մոտցֆելդտը: – Եթե դուք մտադիր եք պաշտպանել Արկտիկան, դուք նաև պետք է հասկանաք, թե ինչ է նշանակում գտնվել Արկտիկայում»։

Փետրվարի 11-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ դաշինքը գործի է դրել «Արկտիկական ժամապահ» առաքելությունը՝ Արկտիկայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու համար։ Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ դաշինքը տասնյակ հազարավոր զինվորականներ կտեղակայի «Արկտիկական ժամապահ» առաքելության շրջանակներում զորավարժություններին մասնակցելու համար:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, եթե Գրենլանդիայում ստեղծվի ռազմական ներուժ Ռուսաստանի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս