Չինաստանը կնվազեցնի ԵՄ-ից կաթնամթերքի ներմուծման մաքսատուրքերը
Չինաստանը զգալիորեն մեղմացրել է Եվրամիությունից կաթնամթերքի ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ մեկուկես տարվա ստուգումից հետո կայացնելով վերջնական որոշում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նշվում է, որ ըստ Չինաստանի առևտրի նախարարության՝ մաքսատուրքերը կկազմեն 7,4%-ից մինչև 11,7%՝ կախված ապրանքի կատեգորիայից և արտահանողից։ Դրանք կսահմանվեն փետրվարի 13-ից՝ հինգ տարի ժամկետով։
Դեկտեմբերին Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ ստուգման նախնական արդյունքները բացահայտել են ԵՄ-ում ճյուղի սուբսիդավորման փաստեր։ Այդ կապակցությամբ գերատեսչությունը տարածաշրջանից կաթնամթերքի ներմուծման համար դեկտեմբերի 23-ից 21,9-42,7% մաքսատուրքեր է սահմանել։
Պեկինը կաթնամթերքի և այլ ապրանքների, այդ թվում՝ խոզի մսի եվրոպական մատակարարումների ստուգումը սկսել է 2024 թվականին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հայտարարեց չինական էլեկտրամոբիլների՝ ԵՄ ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։
Չինաստանի առևտրի նախարարության դիրքորոշման մեղմացումը վերջնական որոշման հարցում կարող է ազդակ լինել Պեկինի և Բրյուսելի միջև հարաբերությունների աստիճանական կայունացման մասին։



