48 միլիոն 890 հազար դրամ դրամաշնորհ՝ պետգնումներում 2022-ից ակտիվացած ՍՊԸ-ին. Էկոնոմիկայի նախարարության միջազգային ճանաչողական այցերի գինը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որ «ռեկորդային» ցուցանիշների համար բաց չի թողնում որևէ ցուցահանդես, որևէ գործուղում, որ ջանք ու եռանդ չի խնայում տարատեսակ փառատոներով՝ ուտել-խմելու, ոչխար խուզելու և այլն, բարձրացնել մեր երկրի գրավչությունը, միայն օգոստոս ամսին այս նպատակով պետական բյուջեից միլիոնավոր դրամների երկու դրամաշնորհի պայմանագիր է կնքել:

Գրավչությունը՝ գրավչություն, սակայն մեր տնտեսության դրական տեղաշարժերը, պարզվում է, ամենևին Վահան Քերոբյանի տեղաշարժերով չեն պայմանավորված, այլ, ինչպես մասնագետներն են նշում, պարզապես ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով: Եվ մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ երկրի գրավչության թիվ 1 գրավականն անվտանգությունն է, որը գիտակցում են նույնիսկ «հպարտ» քաղաքացիները:

Այսպիսով, «ռեկորդային» ցուցանիշների սիրահար Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու իր ղեկավարած գերատեսչությունն օգոստոս ամսին դրամաշնորհի 2 պայմանագիր է կնքել, ըստ որոնց՝ նախ՝ օգոստոսի 10-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն» հկ-ին տրամադրել է 9 միլիոն 995 հազար դրամ՝ «Ջերմուկի զբոսաշրջային ներուժը մշակույթի ներքո» փառատոնի կազմակերպման նպատակով, ապա՝ օգոստոսի 24-ին կնքված մեկ այլ պայմանագրով՝ «Էլիտար» ՍՊԸ-ին է հատկացրել 48 միլիոն 890 հազար դրամ՝ «Միջազգային ճանաչողական այցերի կազմակերպում միջոցառում»-ն իրականացնելու համար:

Կարդացեք նաև

168.am-ը հետաքրքրվել է, թե իրենից ի՞նչ է ենթադրում պետբյուջեի վրա շուրջ 50 միլիոն դրամ արժեցած վերջին դրամաշնորհը, և ո՞ւմ է վստահվել դրա իրականացումը:

Դրամաշնորհի ծրագիրը, ըստ պայմանագրի, ենթադրում է «ՀՀ-ի համար հիմնական թիրախային զբոսաշրջային շուկաներում Հայաստանի առաջխաղացման նպատակով իրականացնել մի քանի մարքետինգային արշավներ, ճանաչողական տուրեր, ինչպես նաև՝ տարբեր երկրների մարքետինգային հարթակների համար ստեղծել կոնտենտ՝ դրանք թիրախային երկրներում Հայաստանի առաջխաղացման համար օգտագործելու նպատակով»:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալներով՝ 1997 թվականին գրանցված ընկերության իրական շահառուներն են Լորիտա Հակոբյանը՝ ուղղակի մասնակցությունը՝ 80 տոկոս, և Սամվել Կարաբեկյանը՝ 20 տոկոս: ՍՊԸ տնօրենը Սամվել Կարաբեկյանն է:

Պարզվում է՝ ընկերությունը պետգնումներում սկսել է գերակտիվություն ցուցաբերել 2022 թվականից. մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները՝ «Էլիտար» ՍՊԸ-ի հետ կնքվել է 1 պայմանագիր՝ 2016 թվականին ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգի հայտարարություններ) ընթացակարգով: Պատվիրատուն «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» ՊՀ-ն է եղել: Ընկերության հետ պետգնումներում նոր պայմանագրերն ի հայտ են գալիս արդեն 2022 թվականից, և հետաքրքրական է, որ այդ պայմանագրերը ոչ մրցակցային ընթացակարգերով են կնքվել:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի մայիսի 25-ին մեկ անձ ընթացակարգով այս ընկերությանն է պատվիրակում պաշտոնական պատվիրակության ընդունելություն ծառայությունների մատուցումը՝ դրա համար հատկացնելով 7 միլիոն դրամ:

2022 թվականի սեպտեմբերի 19-ին դարձյալ Երևանի քաղաքապետարանը դարձյալ նույն ծառայությունների դիմաց, դարձյալ մեկ անձ ընթացակարգով՝ տրամադրում է 3 միլիոն 500 հազար դրամ:

2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրամաշնորհ է հատկացնում ընկերությանը՝ թիրախային երկրներում գովազդային արշավների (roadshow) կազմակերպման նպատակով. դրամաշնորհի պայմանագրի գինը կազմում էր շուրջ 55 միլիոն 117 հազար դրամ:

2023 թվականի մայիսի 25-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակության ընդունելությունն է վստահում «Էլիտար» ՍՊԸ-ին՝ դրա համար վճարելով 7 միլիոն դրամ:

2023 օգոստոսին արդեն Էկոնոմիկայի նախարարությունն է դրամաշնորհի պայմանագրով ընկերությանը հատկացնում 48 միլիոն 890 հազար դրամ:

Տեսանյութեր

Լրահոս