Ինչպիսի քաղաքական պայմաններով է Հայաստանը հուշագիր ստորագրել Հունգարիայի հետ. Հակոբ Բադալյան

Ինչպես հայտնի է, ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն: Նա համեմատաբար հաճախ է լինում Հայաստանում: Վերջին տարիներին Սիյարտոն Հայաստան է այցելել նվազագույնը երեք անգամ:

Երևանյան երկխոսություն ֆորումի շրջանակում կանաչ էներգիայի ոլորտում գործակցության հուշագրի ստորագրումը անշուշտ դրական լուր է: Սակայն լուրը պարունակում է թերևս այլ ուշագրավ շերտեր:

Մասնավորապես, մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ կանաչ էներգիայի ոլորտում համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան: Այդ երկրների էներգետիկ օպերատորները ստեղծել են Green Energy Corridor Power Company համատեղ ձեռնարկությունը՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակում։

Գրեթե չկա կասկած, որ Երևանում ստորագրված հայ-հունգարական հուշագիրը առնչվում է հենց այս նախագծին: Իհարկե այստեղ հարց է առաջանում, թե հատկապես ի՞նչ է ենթադրում հուշագիրը, որը կնքվում է Հունգարիայի հետ, այն դեպքում, երբ սևծովյան մալուծի նախագծին առնչվող ընկերության ստեղծումը չորս պետությունների համաձայնություն է: Ընդ որում նշվել է, որ նրանք դա ստեղծում են հավասարության սկզբունքով:

Եթե Հայաստանը միանալու է, ապա ինչո՞ւ հուշագիր միայն Հունգարիայի հետ: Եվ արդյո՞ք հուշագիրը ենթադրում է որոշակի քաղաքական պայմաններ, որոնց առնչությամբ Հունգարիան «կապող օղակ» է Ադրբեջանի ու Հայաստանի միջև:

Հիշեցնեմ նաև, որ օրեր առաջ Բուդապեշտում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողով: Հունգարիան ԹՊԿ դիտորդ անդամ է»:

Տեսանյութեր

Լրահոս