Մատվիենկոյին անպայման դիմավորելու եմ, անձամբ խոսք եմ տվել նրան. Ալեն Սիմոնյան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխող կուսակցությունը պատրաստվո՞ւմ է ԱԺ ընտրություններին, ինչին նա պատասխանել է.

«Սեպտեմբերին լինելու է ՔՊ վարչության ընտրությունները: Մրցավազքը դեռ չի սկսվել պաշտոնապես, գործընկերներն ակտիվ են և ավելի շատ են ակտիվանալու, ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է: Վստահ եմ՝ շատ նոր մարդիկ են լինելու: Չգիտեմ՝ իրավունք ունե՞մ ասելու, թե՞ ոչ, բայց կասեմ, ինչ լինի՝ լինի, մենք նաև կանանց քվոտան ենք մեծացրել: Վարչության կազմում կանանց ներգրավվածությունը շատ ավելի մեծ պետք է լինի: Իսկ ընտրություններին մենք շատ վաղուց ենք պատրաստվում»:

Հարցին՝ ինչո՞ւ են կանանց քվոտան ավելացրել, քանի որ ավելի կառավարելի՞ են, Սիմոնյանը ժպտալով արձագանքել է. «Կանանց չի լինում կառավարել, նրանք են ավելի հեշտ կառավարում»։

Իսկ Ալեն Սիմոնյանին լրագրողները հիշեցրել են, որ ինքը Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, Միութենական պետության մեջ մտցնելու, բայց երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բավական զգուշավոր էր, ասում էր՝ ՀԱՊԿ-ում ենք մնալու, դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չկա, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է այն, ինչ գտնում է ճիշտ:

«ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում մնալուն, անկեղծ ասած, չեմ լսել, որ Արարատ Միրզոյանը նման բան ասած լինի: Մինչև այս պահը չեմ հանդիպել: Կարծում եմ՝ նոր ասելիք չկա, ինչ-որ հրապարակային է եղել՝ դա է։ Մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա, բոլոր հարցերը միասին քննարկում ենք։ Պարոն Միրզոյանն ԱԳ նախարարն է և դիվանագիտության պատասխանատուն է և կարող է լինել շատ ավելի դիվանագետ, զսպված։ Իսկ ես քաղաքական մարմնի ղեկավար եմ, կարող եմ ազատ քաղաքական հայտարարություններ անել և իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ»,- հավելել է նա։

Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օդանավակայանում անձամբ դիմավորել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

«Ինձ այդ մասին հարցրեց Վալենտինա Մատվիենկոն, երբ ես հանդիպեցի Նենսի Փելոսիին (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ. խմբ)։ Ես նրան խոստացա, որ նրան նույնպես կդիմավորեմ: Ես դա կանեմ, ինչպես և իմ կիպրացի գործընկեր Անիտա Դիմիտրիուի դեպքում եղավ»,– ասաց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս