
Հայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան
Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում և նախատեսել խստացնող կարգավորումներ, մասնավորապես,
-Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին:
-Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ:
-Ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։
-Ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նախատեսված են այլ փոփոխություններ ևս։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, խոսելով առաջարկվող փոփոխությունների մասին, նախ նշեց՝ Հայաստանի պայմաններում ավելի շատ ոչ թե 18 տարեկաններն են խուսափում ծառայությունից, այլ հենց նրանց ծնողները, հետևապես՝ խնդիրը ծնողների գիտակցության մեջ է։
Ըստ Չալաբյանի՝ ՔՊ-ական պատգամավորի առաջարկներից որոշներն իր համար ընդունելի են, մասնավորապես, դրական է համարում զորակոչի տարիքը 37-ի հասցնելու առաջարկը։
«Կարծում եմ՝քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվող 15 միլիոն դրամ տուրքի չափն արդարացված է։ Չի՛ կարելի սեփական քաղաքացիությանը վերաբերվել այնպես, որ այսօր կարող ես ընդունել քաղաքացիությունը, վաղը՝ դրանից հրաժարվել։ Կարծում եմ՝ քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը բարդացնելը խելամիտ է»,– ասաց Չալաբյանը։
Խոսելով իր համար անընդունելի առաջարկների մասին՝ վերջինս հարց բարձրացրեց՝ ի՞նչ է նշանակում 15 միլիոն դրամով ծառայել 6 ամիս, կամ՝ 20 միլիոն դրամով՝ 1 ամիս։
«Հատուկ ուսումնասիրել ենք այս հարցը, աշխարհում նման երկիր չկա, որտեղ գործում է նման պրակտիկա, բայց, ուշադրություն, նման բան կա Թուրքիայում։ Ես կառաջարկեի հակառակը անեին՝ 6 ամսվա ծառայությունը դարձնել պարտադիր, 6 ամսից հետո՝ կամավոր և վճարովի, որովհետև, երբ ասում ենք՝ վճարի՛ր ծառայության դիմաց, նշանակում է, որ ասում ենք՝ հարուստնե՛ր, դուք կարող եք հայրենիքի առաջ չկատարել ձեր պարտքը և այդ բեռը թողնել աղքատների վրա։ Երբ մարդուն ասում ենք, որ կարող է փողով ծառայությունից ազատվել, նշանակում է, որ ասում ենք՝ մենք միասնական ազգ չենք։ Բացի այդ, ինձ թվում է, որ այդ գաղափարի՝ «փող վճարի՛ր, ծառայությունից ազատվի՛ր» կարգախոսի մեջ թուրքականություն կա»,– ասաց Չալաբյանը։
Նրա համոզմամբ՝ եթե ՀՀ իշխանության նպատակն իսկապես Զինված ուժերում զինծառայողների թվակազմի ավելացումն է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերում չեն ներառում Արցախից Հայաստան տեղափոխված մոտ 10 հազար զինվորականի։
«Օրինակ՝ կարելի էր հենց Սյունիքում նրանց տեղակայել։ Իշխանությունն այդ քայլին չգնաց, որովհետև հասկանում է՝ ռազմականացված արցախցիները վտանգավոր են իրենց իշխանության համար։ Սա ակնհայտ է, դրա համար էլ նրանց, օրինակ, ծառայության չուղարկեցին Սյունիքում։ Մյուս կողմից՝ դա չանելու պատճառն այն է, որ այս իշխանությունը Սյունիքը պաշտպանելու ծրագիր չունի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։