
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուց

Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով: Խնդիրը կայանում է նրանում, որ ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը դասվում է առաջնային իմունանբավարարության հիվանդությունների շարքին: Ըստ doctors.am-ի՝ հիվանդների մոտ իջնում է իմուն համակարգի C1 կոմպլեմենտի ինհիբիտորը, ինչը բերում է արյան անկառավարելի ներքին ռեակցիաների, որոնք էլ նպաստում են այտուցների առաջացմանը:
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցի վերջնական բուժումն անհնար է, սակայն կարելի է այն կանխել և վերահսկել: Այս տարի ժառանգական անգիոնևրոտիկ այտուց հիվանդությունը գրանցվել է շատ հազվադեպ հանդիպող հիվանդությունների ցանկում, ինչի շնորհիվ հիվանդները տեսականորեն կարող են անվճար ստանալ թանկարժեք դեղամիջոցներ:
Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ դեղորայքը շատ երկրներում գրանցված չէ, իսկ պլազմայով բուժումն այնքան էլ արդյունավետ չէ:
Եթե այս հիվանդություն չկանխվի, ապա գլխի և պարանոցի շրջանում հանկարծակի առաջացած այտուցները կարող են հանգեցնել մահվան, ինչը տեղի է ունենում հինգ դեպքերից երկուսում: Հիվանդների 85%-ի մոտ կա անընդհատ խեղդվելու վախի զգացողություն, իսկ 65%-ի մոտ՝ ցավի ուժեղ վախ: Նրանց մեծ մասը մշտապես ստիպված է բաց թողնել դասերը կամ աշխատանքը: Իսկ շատերն էլ բողոքում են, որ ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը նրանց չի թողել լիարժեքորեն իրացնել սեփական ներուժը:
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցի առկայությունը պարզելու նպատակով մասնագետները խորհուդ են տալիս պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ձեզ մոտ երբևէ եղե՞լ են հանկարծակի առաջացած այտուցներ ձեռքերի, ոտքերի, դեմքի, կոկորդի կամ սեռական օրգանների շրջանում:
2. Արդյո՞ք այդ այտուցները եղել են միակողմանի, այսինքն՝ միայն ձախ ձեռքին կամ աջ ոտքին:
3. Ձեզ մոտ եղե՞լ է առանց պատճառի որովայնացավերի նոպա:
4. Արդյո՞ք այդ այտուցները և ցավերը հաճախ են լինում:
5. Արդյո՞ք նման այտուցներ և ցավեր եղել են նաև Ձեր բարեկամների մոտ:
6. Արդյո՞ք Ձեզ մոտ եղել են նախազգուշացնող նշաններ (հոգնածություն, ծակծկոց, սրտխառնոց, մրսածության նշաններ, ցան կամ կետիկներ մարմնի վրա), որոնք ահազանգում են այտուցի կամ որովայնի շրջանում ցավի նոպայի մոտալուտ առաջացման մասին:
7. Արդյո՞ք հակահիստամինային կամ հակաճճվային դեղորայքի, գլյուկոկորտիկոստերոիդների, էպինեֆրինի, հակաբիոտիկների և այլ դեղորայքների կիրառումն այտուցի կամ որովայնի ցավի ժամանակ անարդյունավետ է եղել:
8. Արդյո՞ք նոպայի ժամանակ աչքերն արցունքոտվում կամ քորվում են:
Եթե հարցերի մեծ մասին պատասխանել եք այո, իսկ վերջին հարցին՝ ոչ, ապա արժի անցնել ժառանգական անգիոնևրոտիկ այտուցի հետազոտություն: