Պուտինն ու Զելենսկին՝ «մեծ բանակցությանն» ընդառաջ. ի՞նչ սպասել Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Թուրքիայում բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ըստ էության արձագանքելով Ուկրաինայի և չորս եվրոպական երկրների կողմից մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի առաջարկին, առաջարկեց Կիևին ուղիղ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ։ Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ «չնայած ամեն ինչին», կարելի է սկսել ուղիղ բանակցություններ:

«Մենք առաջարկում ենք Կիևի իշխանություններին վերսկսել բանակցությունները, որոնք ընդհատել էին 2022 թվականի վերջին, վերսկսել ուղիղ բանակցությունները և առանց որևէ նախապայմանի։ Առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են»,- հայտարարել է Պուտինը։

Նա նաև մանրամասնել է, որ խոսելու է Էրդողանի հետ և քննարկելու Ուկրաինայի հետ խաղաղության ճանապարհ գտնելու հարցը։ Պուտինը նշել էր, որ Մոսկվան չի բացառում իրական հրադադարի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը:

Կարդացեք նաև

«Ավելին, իրական զինադադարը, որը կպահպանվի ոչ միայն Ռուսաստանի, այլև ուկրաինական կողմից, կլինի առաջին քայլը դեպի երկարաժամկետ կայուն խաղաղություն, և ոչ թե վերազինումից հետո զինված հակամարտության շարունակություն»,- ասել է նա։

Այդ հայտարարությունից ժամեր անց պարզ դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը Պուտինին տեղեկացրել է Ուկրաինայի հարցով բանակցություններն ընդունելու Անկարայի պատրաստակամության մասին։ Նա նաև ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ։

Վլադիմիր Զելենսկին ևս անդրադարձավ թեմային նախօրեին, հայտարարելով, որ մայիսի 12-ից սկսած լիակատար հրադադարի են սպասում, և ինքն անձամբ է Պուտինին սպասելու Թուրքիայում։ «Մենք վաղվանից հրադադար ենք ակնկալում՝ ամբողջական և երկարատև, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը։ Սպանությունները շարունակելու իմաստ չկա։ Եվ ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը՝ Թուրքիայում։ Անձամբ եմ այնտեղ լինելու։ Հուսով եմ, որ այս անգամ ռուսները չեն փնտրի պատճառներ, թե ինչու չեն կարող»,- նշել է Զելենսկին։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն, անդրադառնալով Զելենսկու դիտարկումներին, պարզաբանեց, որ Ռուսաստանը պնդում է նախ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մինչև երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատումը։

Truth Social սոցցանցում էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքել, այլ ավելի շուտ ցանկանում է հինգշաբթի օրը Թուրքիայում հանդիպել՝ արյունահեղության հնարավոր դադարեցման շուրջ բանակցելու համար։

«Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի դրան։ Առնվազն նրանք կկարողանան որոշել՝ արդյո՞ք գործարքը հնարավոր է, իսկ եթե ոչ, ապա եվրոպական առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչպես են դասավորվում գործերը, և կկարողանան համապատասխանաբար գործել։

Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարքի կգնա Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը տոնելով, որում հնարավոր չէր հաղթել (ընդհանրապես հնարավոր չէր)՝ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Սկսում ենք հանդիպումը հենց հիմա»,-  նշել է ԱՄՆ նախագահը:

Ըստ Թրամփի, գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ը ցանկանում է կենտրոնանալ վերակառուցման և առևտրի վրա։ Մեծ շաբաթ է սպասվում»,- գրել էր Թրամփն իր սոցցանցի էջում:

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է գնահատել միայն այն հանգամանքը, որ կողմերը համաձայնել են հանդիպել, քանի որ իրավիճակը չափազանց խնդրահարույց է թվում:

Ըստ նրա, ռուսական կողմն առաջարկեց հանդիպել առանց նախապայմանների, իսկ ուկրաինական կողմը պահանջում է հրադադար՝ սկսած այսօրվանից, Եվրոպան սպառնում է պատժամիջոցներով, եթե իրենց պահանջած հրադադարն ուժի մեջ չմտնի առաջիկա ժամերի ընթացքում: Այսինքն, նրա որակմամբ, դեռ կա վերջնագրային քաղաքականություն, այնինչ Ռուսաստանը և ԱՄՆ ղեկավարներն առաջարկում են նախ հանդիպել և ուղիղ քննարկել բոլոր հարցերը, որոնց քննարկումից հետո ձևավորվելիք հրադադարը կարող է դառնալ տևական:

«Եթե նման վերջնագրեր են ներկայացվում, նշանակում է, որ չկա կանխատեսում, որ հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կողմերի միջև: Կարծում եմ՝ սա բոլորն են հասկանում, սակայն այնուամենայնիվ փորձ է արվում ցույց տալ, ու ուկրաինական կողմը պատրաստ չէ բանակցությունների: Այստեղ էական է նաև ամերիկյան կողմի դերակատարությունը, որը բանակցային մի քանի փուլ է անցկացրել ռուսական կողմի հետ, ըստ էության որոշ հարցերում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ունեն փոխըմբռնում, սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ուղիղ բանակցեն, որոշումներ կայացնողն ուկրաինական կողմն է, հատկապես, երբ Ուկրաինայի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հայացքներն այս հակամարտության հնարավոր լուծումների վերաբերյալ տարբեր են: Ուստի ես չէի շտապի որևէ կանխատեսման հարցով, քանի որ Ռուսաստանն առաջարկել է հանդիպել, սակայն ստացել է հանդիպման պատրաստակամություն՝ վերջնագրերի հետ մեկտեղ: Սա բանակցային մոտեցում չէ»,- ասաց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է այս զարգացումների ու Հարավային Կովկասի զարգացումների միջև կապին, Եվսեևն ասաց, որ Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ-Եվրոպա բանակցային թնջուկը նորություն չէ ոչ ռեգիոնի, ոչ էլ աշխարհի համար:

«Հակված եմ կարծել, որ Հարավային Կովկասի վրա անմիջականորեն անդրադառնում են Թուրքիայի, Իրանի, Իսրայելի շուրջ զարգացումները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում ու Հնդկաստանի ու Պակիստանի միջև:

Այստեղ ուժերի ու դրանց միջև հարաբերություններն այնպես են դասավորված, որ բարդ կոնֆիգուրացիաները շատ են, ինչը, կարծում եմ, որոշակի զգուշավորության պատճառ կարող է լինել Հարավային Կովկասում»,- ասաց Եվսեևը:

Նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ բանակցությունները դեռ կարող են շատ երկարաձգվել: Եվսեևը գտնում է, որ որոշ երկրներ կառչել են հրադադարի կնքման հարցից, քանի որ գիտակցում են, որ պատրաստ չեն բանակցությունների ու դրա հետևանքով լուծումների:

«Արդեն մի քանի ամիս է՝ այս խնդիրը կա բանակցություններում, ու Ուկրաինան ձգտում է պարզապես հրադադարի»,- ասաց նա՝ հավելելով, որ, ըստ էության, սա նույն իրավիճակն է, ինչ վերջին տարիներին, պարզապես ավելացել է Թրամփի վարչակազմը, որն իր քաղաքականությամբ տարանջատվել է Եվրոպայի քաղաքականությունից:

«Պարզապես այն միտումը, որն արևմտյան երկրներն ունեն Ուկրաինայի հարցում, ունեն նաև Հարավային Կովկասում: Այս դեպքում եվրոպական երկրները Ռուսաստանին թուլացնելու քաղաքականությունն են շարունակելու, իսկ ԱՄՆ-ը ավելի հեռադիր քաղաքականություն է վարելու: Ռեգիոնի շուրջ իրավիճակն, ըստ իս, ավելի ազդեցիկ է լինելու այս փուլում, քան աշխարհաքաղաքական զարգացումները:

Պարզ է, որ Ռուսաստանը շարունակելու է զբաղված լինել աշխարհաքաղաքական օրակարգերով, ինչպես բանակցություններն Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Չինաստանի հետ, Հարավային Կովկասի համար դասավորությունների ու վտանգների տեսանկյունից շատ բան չի փոխվել: Սակայն հետաքրքիր են զարգացումները հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Հայ-ռուսական հարաբերություններում կան դրական միտումներ, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ բացասական, պետք է հետևել, թե ինչպես կզարգանան այստեղ իրավիճակները և ինչպես կաշխատի դիվանագիտությունը: Այսօր ավելի բարենպաստ մթնոլորտ է սկսում ձևավորվել Ռուսաստանի շուրջ, որը հնարավորություններ է ստեղծում թե գլոբալ բանակցություններում, թե առանձին ռեգիոններում ազդեցության ամրապնդման տեսանկյունից: Սակայն, թե այս փուլում որքանով ռուսական կողմը նաև այդ հարցով կզբաղվի, բարդ է ասել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս