«Սրանք իրենց երեխաների մի մասին ուղարկել են դուրս՝ սովորելու, բիզնես անելու, սրանք ճողոպրելու են, ի՞նչ է անելու հայ ազգը». Հայկ Նահապետյան

Թշնամին շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի ուղղությամբ, զուգահեռ մեղադրելով հայկական կողմին, թե հայկական կողմից են կրակում։ Հերքումը հայկական կողմից չի ուշանում, սակայն դա իրավիճակը որևէ կերպ չի փոխում՝ Ադրբեջանը շարունակում է կրակել, թիրախավորելով խաղաղ բնակիչների տները։

Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ եթե հայկական կողմից ադրբեջանական կրակոցներին համարժեք պատասխան տային՝ կրակոցները երկար ժամանակ կլռեին։ Բայց քանի որ Ադրբեջանը գիտի, որ հայկական կողմից չեն պատասխանելու՝ ակտիվ կրակում է։

«ՀՀ իշխանությունը խոսում է «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին, երբ են ստորագրելու 2050 թվականին։ Ալիևն այսօր հստակ ասել է՝ որ «Ադրբեջանը հարգանքի արժանի երկիր է, և ով այդ երկրի շահերը հաշվի չի առնում, ստիպված հաշվի կնստի իրենց ուժի հետ»։ Հետևաբար՝ այսօր Սյունիքում տեղի ունեցողն ուժի ցուցադրություն է, հոգեբանական ճնշում է սահմանին ապրող բնակիչների վրա։

Հիմա այնտեղ ապրող մարդկանց մոտ անպաշտպանվածության զգացում է, և դա ավելի է խորանում, քանի որ ազգի «գերագույն գլխավոր հրամանատարը» հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական կրակոցներին Հայաստանը չի պատասխանելու։ Ավելին՝ ՔՊ կարկառուն պատգամավորներից մեկը՝ Սյունիքից ընտրված, ասում էր՝ դե, ամպամած է, դրա համար են կրակում՝ ամպերը ցրելու համար է։ Մեկ ուրիշն էլ ասում էր՝ դե ի՞նչ անենք կրակում են, մի վախեցեք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Կարդացեք նաև

Նա շեշտում է՝ եթե Սյունիքն անվտանգ է, ապա իշխանության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենց ընտանիքների հետ հանգստյան օրերին կարող են գնալ Խոզնավար և Խնածախ՝ 2 օր մնան։

«Վստահ եմ՝ վախից իրենց թոռների ու երեխաների տակդիրները կքաշեն գլխներին ու առավոտ շուտ կվերադառնան Երևան։ Ադրբեջանը հիմա կրակում է տների տանիքներին, հետո թիրախավորելու է արդեն խաղաղ բնակիչներին, ասեմ ձեզ՝ այսպես շարունակվի՝ վիրավորներ ու զոհեր ենք ունենալու, ու Ադրբեջանի կրակոցները դարձյալ մնալու են առանց պատասխանի։

Մենք խոսում ենք հոգեբանական ճնշումներից, բայց մոռանում ենք նյութական վնասները, Ադրբեջանը նաև սրան է ձգտում՝ հնարավորինս մեծ նյութական վնաս հասցնել բնակիչներին»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում, երբ Ոսկեպարի կամ Բաղանիսի բնակիչը դուրս էր գալիս դաշտ աշխատանքներ կատարելու, թշնամին կրակում էր՝ հայկական կողմից մեկին տասը պատասխան էին տալիս։ Հիմա, եթե Սյունիքում բնակիչը դուրս գա դաշտ՝ ադրբեջանական կողմից սկսեն կրակել, ի՞նչ երաշխիք կա, որ նրա անվտանգությունը հայկական կողմից կապահովեն։ Այն ժամանակ Ադրբեջանն էլ գիտեր, որ իր սադրանքներին հայկական կողմից ակնթարթորեն են պատասխանելու։

«Ադրբեջանը շտապելու տեղ չունի, մենք պետք է շտապենք։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անում, սա ո՞ւմ համար է անում։ ՀՀ իշխանությունը պատերազմ սկսվելու դեպքում իր «գլխի ճարը» կտեսնի, իսկ ի՞նչ է անելու հայ ազգը։ Սրանք իրենց երեխաների մի մասին ուղարկել են դուրս՝ սովորելու, բիզնես անելու, սրանք ճողոպրելու են։

Հետևաբար, հայ ազգին մնում է այս իշխանությանը սրբել ու տանել՝ Հայաստանը պահպանելու համար։ Ամոթ է, այսպիսի ինքնիշխանություն չի լինում»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս