Եռատոնը կա. հետագայում էլ ունենալու ենք զորեղ հաղթանակներ, ինչի համար պետք է համախմբվածություն. Մամիջանյան

«Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր ասում են՝ Եռատոնն այլևս չկա. Եռատոն կա, մեծ զոհողությունների գնով վաստակած հաղթանակները, որոնք մենք նշել ենք և նշում ենք այսօր, ոչ ոք մեզանից խլել չի կարող»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ այսօրվա «կառավարիչների նպատակն է մաքրել պատմությունը մեր հաղթանակներից, որպեսի դրանք մոռանանք»:

Նա վստահեցրեց՝ հետագայում ունենալու ենք շատ ավելի մեծ, շատ ավելի զորեղ հաղթանակներ, ինչի համար, ըստ նրա՝ կա մի պարտադիր պայման՝ համախմբվածությունը. «Ես խորապես վստահ եմ, որ այն իբր թեզերը, որոնք այսօր առաջ են տանում այսօրվա կառավարիչները, դրանց կիսողները Հայաստանում փոքրամասնություն են, մեծամասնությունը հավատում է, որ մեր հայրենիքին սպասվում են մեծ հաղթանակներ, հավատում է մեր ազգային, եկեղեցական արժեքներին, մեր պատմությունն է արժեվորում: Պարզապես այնպես է ստացվել, որ մի խումբ մարգինալներ այս պահին փորձում են մեզ կառավարել: Հենց դա փոփոխվի հայրենասերների միասնության շնորհիվ՝ հաղթանակներն իրենց սպասեցնել չեն տա»:

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը նա համարում է այս պահին առկա ամենահավանական և ամենաիրատեսական գործիքը՝ իշխանափոխության. «Այլընտրանքը ոչինչ չանելն է, իսկ դա մեզ համար չէ»:

Հարցին՝ ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա որոշ ուժեր լծվել են ՀՀԿ-ի դեմ արշավին, ինչո՞վ է դա պայմանավորում, ինչո՞վ է ՀՀԿ-ն խանգարում, նա պատասխանեց. «Երևի խանգարում ենք նրանով, որ ազգային ուժ ենք, որ ՀՀ նորագույն պատմությունն ու ՀՀԿ պատմությունը միահյուսված են, ու որովհետև մեր հիմնադիր հայրերրը դեռևս խորհրդային ժամանակներից պայքարել են անկախ Հայաստանի համար, ապրել մեր սուվերենության, մեր հայրենիքի հզորության գաղափարներով, կերտել են արցախյան հաղթանակները, այնուհետ կարողացել են անվտանգ պահել մեր երկիրը: Երևի, կան մարդիկ, որոնք դրան դեմ են: Բայց բոլորին զգուշացնեմ՝ ՀՀԿ-ին ոչնչացնել հնարավոր չէ, դա շատ-շատերն են փորձել անել, ու ոչ մեկին չի հաջողվել, չի էլ հաջողվելու: Մենք մեր առաքելությունը, մեր պայքարը կիրականացնենք»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս