«Սերժ Սարգսյանի օրոք լրագրողներն ԱԺ ամբիոնի մոտ ցույց էին անում, ՔՊ-ի օրոք՝ օթյակում անգամ նրանց չեն թողնում». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու՝ լրագրողների պահանջին։

«Հիմա ՔՊ-ն ասում է՝ մենք ընդհանուր էթիկայի հանձնաժողով ենք ստեղծում, եկեք այս հարցով հանձնաժողով չստեղծենք։ Չեմ կարող չհիշել այս գումարման ԱԺ-ի մեկնարկը՝ առաջարկել էինք ստեղծել Արցախի հարցով հանձնաժողով, ամբողջ ՔՊ-ն հերթով եկավ ու այս ամբիոնից ասաց՝ ո՞նց, այս ի՞նչ եք անում, մենք միջխորհրդարանական հանձնաժողով ունենք, բայց մեկ նիստ այս հանձնաժողովը չի արել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ Հայկ Մամիջանյանի, տեղի է ունեցել ծայրահեղ դատապարտելի արարք, դրա հետ կապված՝ ՔՊ-ն չի արձագանքում, փոխարենն ասում է՝ օրերից մի օր հանձնաժողով կստեղծվի, որը հետադարձ ուժ չի ունենալու։

«Ձե՞ռ եք առնում, ի՞նչ կապ ունեն այս երկու իրադարձություններն իրար հետ։ Պատգամավորի օգնական, սրբազան հայր, այդ բոլոր մարդիկ էթիկայի տիրույթում չեն, յուրաքանչյուրի հետ կապված կա առանձին ընթացակարգ։

Կարդացեք նաև

Չեմ կարող չանդրադառնալ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք արված մեկնաբանությանը։ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք լրագրողներն այստեղ՝ նիստերի դահլիճում, ցույց էին անում, ու նրանց որևէ մեկը չէր խանգարում, Սարգիս Խանդանյանը նրանցից մեկն էր։ Ձեր կառավարման օրոք, լրագրողներին նույնիսկ օթյակում թույլ չտվեցին ցույց անել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին ի պատասխան՝ ասել էր՝ «շուրթերդ մաքրիր», ինչից հետո նա նախաձեռնել է ստորագրահավաք՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու և իշխանական պատգամավորի վարքը քննելու համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս