Ինչո՞ւ Ռուսաստանը Երևան-Բաքու միջնորդության նոր ծրագրեր չունի․ նոր ծրագրերը վերաբերում են միայն ՀՀ-ում «փափուկ ուժ» կիրառելո՞ւն

Օրերս ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի տված հարցազրույցը 168am-ին մի շարք ուշագրավ ձևակերպումներ ու մտքեր էր պարունակում ՌԴ քաղաքականության մասին հարավկովկասյան և հայաստանյան ուղղությամբ։

Դեսպան Կոպիրկինի հարցազրույցից պարզ դարձավ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից քաղաքական նոր նախաձեռնություններ ու միջնորդական թիրախային ջանքեր այս փուլում գոնե չեն նախատեսվում, Ռուսաստանը պատրաստ է օգտագործել արդեն իսկ առկա եռակողմ հայտարարությունների բազան, ինչպես նաև «3+3» ձևաչափը։

Թեև վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Կրեմլը Հայաստանի ուղղությամբ նոր համակարգող ունի Սերգեյ Կիրիենկոյի տեսքով ու գուցե արմատապես փոխի իր քաղաքականությունը Հայաստանում, պետք է նշել, որ ըստ ամենայնի փոփոխություններ նախատեսվում են «փափուկ ուժի» ոլորտում, ինչպես գրում են ռուսական առաջատար ԶԼՄ-ները։

Ռուսական «Ведомости»-ն վերջերս գրել էր, որ Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում «փափուկ ուժ» կիրառել ռուսական շահերն առաջ տանելու համար:

Կարդացեք նաև

«Նրանք կաշխատեն մոտավորապես այնպես, ինչպես Աբխազիայի վերջին ընտրությունների ժամանակ»,- մանրամասնել է զրուցակիցը:

«Բայց հարցը հիմա ոչ թե ընտրությունների, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայության մասին է»,- նշել է նա: Աղբյուրն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում բացակայում են ռուսամետ ուժեղ քաղաքական գործիչներ, բացառությամբ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի։ «Հետևաբար՝ Ռուսաստանին աջակցող ձայն Հայաստանում գրեթե չկա»,- եզրափակել է զրուցակիցը։

Թերևս, ռուսական կողմը որոշել է օգտվել Արևմուտքի այն «զենքից», որը մի շարք ուղղություններում հաջողեց հետսովետական տարածքում՝ «փափուկ ուժ»-ի գործիքները տասնամյակներ շարունակ խորքային գործընթացներ գեներացրեցին հետսովետական երկրների հասարակությունների շրջանում՝ օգտվելով ՌԴ սխալներից, ձևավորելով հակառուսական և դրան հակառակ՝ արևմտամետ տրամադրություններ դրա բոլոր ներքին բարդ հետևանքներով։ Թե ի՞նչ արդյունքներ կտա «փափուկ ուժը» Ռուսաստանի դեպքում կամ ինչպես այն կիրագործվի՝ ցույց կտան հետագա իրադարձությունները։

Սակայն ռուսական կողմը կարծես փորձում է նաև հրաժարվել միմիայն իշխանությունների հետ առավելապես համագործակցելու և նրանց աջակցելու քաղաքականությունից, ինչը նրանց տեսանկյունից Հայաստանի դեպքում հրամայական է, քանի որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ուղղությամբ խիստ անկայուն, փոփոխական քաղաքականություն են վարում։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում գրեթե զրոյացրել էին շփումները, համագործակցությունը ռուսական կողմի հետ, և միայն վերջերս՝ այս տարեսկզբից, որոշեցին վերականգնել Ռուսաստանի հետ որոշ բարձրաստիճան շփումներ։

Վերադառնալով Կոպիրկինի հարցազրույցին, հիշեցնենք, որ նա նշել էր, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: «Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները:

Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը»,- նշել է դեսպանը։ Շարունակելով, Կոպիրկինն ասել է, որ գործելով այդ փոխըմբռնման համաձայն՝ ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։

«Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,- նշել է դեսպան Կոպիրկինը։

168.amի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ եթե Երևանն ու Բաքուն ընդունեն Մոսկվայի միջնորդությունը, ապա իսկապես որևէ նոր բան հորինելու կարիք չկա։ Ըստ նրա, հարցն այն է, որ եռակողմ հայտարարություններն ըստ էության ներառում են կողմերին հետաքրքրող բոլոր թեմաները, դրանք հնարավորություն են տալիս անդրադառնալու բոլոր թեմաներին և հասնել իրավիճակի կայունացման, եթե լինի քաղաքական կամք։

«Ուստի խնդիրը ոչ թե այն է, որ Ռուսաստանը չի կարող ձևաչափ առաջարկել, այլ այն, որ չի ընդունվում դեռ ՌԴ միջնորդության առաջարկը, ինչպես նաև կան խնդիրներ կողմերի միջև։ Այս ամենը հստակ դարձավ վերջերս, երբ պարզ դարձավ, որ համաձայնագիրը կողմերը բանակցել են, բայց չեն ստորագրում, և քիչ է հավանականությունը, որ մոտ ապագայում որևէ բան կստորագրեն։

Ուստի ինչո՞ւ բանակցել Մոսկվայում կամ մի որևէ այլ տեղում, եթե վերջնանպատակն այս պահին կարգավորումը չէ։ Բոլոր երկրները, ուժերը Հարավային Կովկասում ևս սպասում են աշխարհաքաղաքական վերադասավորումների ակտիվ փուլի ավարտին ու որոշակի նոր կոնֆիգուրացիայի հաստատման, հատկապես դրան են ձգտում ավելի մեծ ազդեցության ձգտող և բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման շահագրգիռ ուժերը, ուստի չեն շտապում, սպասում են իրենց տեղը գրավել։ Իսկ այդ հարցը մի փոքր ավելի ուրվագծված է դառնալու Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների հետագա ընթացքի փուլում»,- ասաց Եվսեևը։

Ըստ նրա, բանակցությունների առաջին փուլը ցույց է տալիս, որ դրանք երկարաձգվում են ու գուցե չհանգեցնեն անմիջապես խաղաղության հաստատման։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Եվսեևը գտնում է, որ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում շատ բան կախված է նրանից, թե Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, իրավիճակն ինչ սցենարով կզարգանա։

«Բնականաբար, եթե կա ստատուս-քվոն, ապա ստատուս-քվոն փոքր փոփոխություններով կպահպանվի նաև ռեգիոնում ու հայ-ռուսական հարաբերություններում, իսկ եթե հաջողվի հրադադար հաստատել, ապա գործ կունենանք մեկ այլ իրավիճակի հետ։

Ակնհայտ է, որ ռուսական քաղաքականությունում վերանայումների կարիք կա, որը տեղի կունենա գլխավոր ուղղություններով առաջընթացից հետո։ Կարծում եմ՝ «3+3»-ը ևս այս փուլում ժամանակավոր պրոյեկտ է, որը պահպանում է ռեգիոնալ համագործակցությունը, սակայն գլոբալ բանակցություններից հետո նոր ստատուս-քվոյի պայմաններում, կարծում եմ, նոր հարթակներ կլինեն ու համագործակցության այլ մոդելներ։

Սակայն այս փուլում ամեն բան պահպանվում է այնպես, ինչպես կա»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է «փափուկ ուժի» կիրառմանը, ապա Եվսեևը հիշեցրեց, որ բազմաթիվ ռուս փորձագետներ տարիներ շարունակ խոսել են դրա կիրառման անհրաժեշտության մասին։

Դրա արդյունավետ բացակայությունը, նրա խոսքով, բաց է եղել։

«Այդ բացը փորձում են ներկայումս վերացնել և պատրաստվել ապագա իրավիճակներին»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031