Կանարյան կղզիների նախագահը դեմ է, որ հանտավիրուսի բռնկմամբ նավը մտնի իրենց նավահանգիստ
Կանարյան կղզիների նախագահ Ֆեռնանդո Կլավիխոն դեմ է արտահայտվել Իսպանիայի կառավարության որոշմանը, ըստ որի հանտավիրուսի բռնկմամբ նիդեռլանդական MV Hondius նավին թույլատրվել է կանգ առնել կղզիներում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Ես չեմ կարող թույլ տալ (նավին) մուտք գործել Կանարյան կղզիներ», – Onda Cero ռադիոյին տված հարցազրույցում ասել է Կլավիխոն։
Նա հավելել է, որ այդ որոշումը հիմնված չէ որևէ տեխնիկական չափանիշի վրա, և կղզու իշխանություններին բավարար տեղեկատվություն չի տրամադրվել։
Կլավիխոն, որն այժմ Բրյուսելում է, ասել է, որ ցանկանում է Մադրիդում շտապ հանդիպել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ հարցը քննարկելու համար։
Սպասվում է, որ նավն Իսպանիայի կազմի մեջ մտնող Կանարյան կղզիներ կհասնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Ապրիլի 1-ին Արգենտինայից դուրս եկած MV Hondius նավում հանտավիրուսի դեպքեր են գրանցվել։ 3 մարդ մահացել է, մի քանի մարդ վարակված է։
Հանտավիրուսը կարող է առաջացնել մահացու շնչառական հիվանդություն։ Այն կրծողների միջոցով փոխանցվող հիվանդություն է, որը տարածվում է կրծողների հետ շփման, նրանց մեզի, թքի կամ կղանքի միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ չնայած հազվադեպ, բայց հանտավիրուսը կարող է տարածվել մարդկանց միջև: Հիվանդությունը բուժելու համար հատուկ դեղամիջոցներ չկան, ուստի բուժումը կենտրոնանում է օժանդակ խնամքի վրա, ծանր դեպքերում հիվանդներին արհեստական շնչառության սարքեր են միացվում։



