Բաժիններ՝

«Հասարակությունը շարունակում է մտածել, որ մայիսի 1-ը, արհմիությունները կոմունիստական բաներ են, այդպես չէ. աշխատողներն ունեն մեծ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն». Տիրուհի Նազարեթյան

Աշխարհի տարբեր երկրներում Մայիսի 1-ը նշում են՝ որպես Աշխատանքի և համերաշխության միջազգային օր։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում մայիսի 1-ն ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, աշխատանքային իրավունքի մասնագետ  Տիրուհի Նազարեթյանի խոսքով՝ Հայաստանում մայիսի 1-ը հաճախ ասոցացվում է Խորհրդային շրջանի՝ կոմունիզմի հետ։ Մինչդեռ այն և առհասարակ աշխատավորական շարժումը կապիտալիստական երկրների ծագում ունի՝ 1880-ականներից սկիզբ է առնում ԱՄՆ-ից, հետո գնում եվրոպական երկրներ, որտեղից էլ առաջացել են աշխատավորական շարժումներն ու արհմիությունները։ Հետագայում արդեն մայիսի 1-ն ամբողջ աշխարհում սկսել են նշել՝ որպես Աշխատավորի օր։

«Սա տոն է այն իմաստով, որ եթե համեմատում ենք տոնի նախապատմությունը, ապա տեսնում ենք, որ մարդիկ մահացել են գործարաններում, վատ պայմանների հետևանքով, չեն ունեցել հանգստի, անաշխատունակության, վճարովի արձակուրդի իրավունք։ Այսինքն՝ աշխատավորները չեն ունեցել ոչ մի սոցիալական երաշխիք։ Դրա համար դարերով պայքար է մղվել աշխատավորների կողմից, տարբեր երկրներում պայքարել են, որպեսզի հասնեն այն երաշխիքներին, որոնք այսօր ունենք»,- 168.am հետ զրույցում նշեց Տիրուհի Նազարեթյանը՝ խոսելով Մայիսի 1-ի, Հայաստանում աշխատողների իրավունքների և դրանց հետ կապված խնդիրների մասին։

Կարդացեք նաև

Մասնագետը շեշտեց, որ Խորհրդային Միության ժամանակ աշխատավորի միակ գործատուն պետությունն էր, ուստի համարվում էր, որ պետությունը պաշտպանում է  աշխատավորների իրավունքները, կանանց իրավունքները չեն ոտնահարվում, և այլն։ Այդ պատճառով էլ Մարտի 8-ը և Մայիսի 1-ը հարմարում էին ոչ թե խնդիրներ ներկայացնելու օրեր, այլ՝ այդ խնդիրները լուծված են, ու մարդկանց մնում է միայն տոնել, ինչն այդպես չէ։

«Այս տպավորությունն այսօր էլ կա մեր հասարակությունում և առհասարակ հետխորհրդային երկրներում և շատերն էլ այդպես դիտարկում են, որ Մայիսի 1-ը , արհմիությունները կոմունիստական բաներ են, իրականում այդպես չէ։ Այսօր առավել ևս արհմիություններն անհրաժեշտ են բոլորիս, քանի որ աշխատողներն ունեն մեծ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Նախ, Հայաստանում չկա ինդեքսավորման մասին օրենք՝ աշխատավարձի ինդեքսավորման, որն արձագանքում է գնաճին, որը ստիպում է տնտեսվարողին յուրաքանչյուր տարի վերանայել աշխատավարձերը՝ արձագանքներով շուկայական փոփոխություններին։

Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում և ոչ միայն, պարտավորվում են և՛ պետությունը, և՛ տնտեսվարողը. պարտավոր են ինդեքսավորել աշխատավարձը և գնաճի չափով բարձրացնել։ Հայաստանում Աշխատանքային օրենսգրքում կա, որ աշխատավարձը պետք է ինդեքսավորվի, սակայն առանձին ինդեքսավորման օրենք չունենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, ՀՀ-ում աշխատավորի համար սա խնդիրներից մեկն է, որը լուծման կարիք ունի, քանի որ դրա հետևանքով կյանքի որակն ընկնում է՝ մարդու աշխատավարձը նույնն է մնում, սակայն ամեն ինչ թանկանում է։

Շարունակելով խնդիրների թվարկումը, մեր զրուցակիցն առանձնացրեց նաև առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանները, որոնք Հայաստանում մեծ մասամբ չեն պահպանվում։ Կան բազմաթիվ դեպքեր գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում, որտեղ անվտանգ պայմաններ չեն ապահովում։

«Բացի այդ, կան նաև խնդիրներ աշխատանքի ընդունման դիսկրիմինացիաների, աշխատանքային հարաբերությունների, արտաժամյա աշխատանքի, արձակուրդի փաստացի չտրամադրման հետ կապված։ Աշխատանքից ազատման դեպքերում նույնպես կան բազմաթիվ խնդիրներ։

Շատ դեպքերում գործատուները չեն բարելավում աշխատանքային պայմանները, համարելով, որ դա չանելով՝ գումար են տնտեսում։ Իհարկե, Հայաստանում կան բարեխիղճ, սոցիալապես պատասխանատու գործատուներ, որոնք աշխատում են ամեն կերպ բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները, մոտիվացնող քայլեր անել։ Բայց նման գործատուները քիչ են, ու նրանք պետության կողմից չեն կարևորվում, այսինքն՝ չկա մեխանիզմ, որպեսզի պետությունն այդ գործատուներին որոշակի արտոնություններ տրամադրելով՝ ներկայացնի հասարակությանը, որպեսզի նրանց օրինակը նաև վարակիչ լինի։ Ուղղակի ես հակիրճ եմ ներկայացնում այն խնդիրները, որոնց բախվում են աշխատողները մեր երկրում»,- ասաց Տիրուհի Նազարեթյանը։

Թե որքանո՞վ են թվարկված խնդիրները հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում և որքանո՞վ են նրանք հակված դրանք լուծելու, աշխատանքային իրավունքի մասնագետը պատասխանեց, որ որոշակի դրական դինամիկա տեսնում է այն իմաստով, որ գոնե եղավ Աշխատանքի տեսչական մարմինը։ Նաև հանրային տիրույթում է շատ խոսվում աշխատանքային իրավունքի մասին, սակայն այս ամենը բավարար չի համարում։

«Խնդիրների բարձրաձայնումն առաջին քայլն է, բայց դրան պետք է հետևեն այլ քայլեր, օրինակ՝ լինի հասարակական վերահսկողություն, լինեն այնպիսի օրենքներ, որոնք առաջարկում են արհմիությունները»,- ընդգծեց Տ. Նազարեթյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր արհմիություններով Երևանում երթ են անցկացնում՝ համերաշխության երթ, երթի մասնակիցներն Աբովյան պուրակից կհասնեն Հանրապետության հրապարակ, որից հետո կլինի պրեզենտացիա՝ աշխատավարձի ու շուկայում գնաճի անհամապատասխանության վերաբերյալ, և որքանով են այդ ամենին համընկնում պաշտոնական տվյալները։

1886 թվականի Միացյալ Նահանգներում, այնուհետև Կանադայում բանվորները բողոքի ակցիա կազմակերպեցին՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր։ Չնայած բախումներին ու արյունալի ավարտին, տարիներ անց՝ սկսած 1890 թվականից, Մայիսի 1-ը նշվում է՝ որպես Աշխատավորների օր։

Տեսանյութեր

Լրահոս