Դատախազությունը պետք է անհապաղ հրաժարվի գործերից, որոնցով անձինք արդարացվել են. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր ծավալուն ասուլիսով անդրադարձավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ գնահատականներ հնչեցնելով ՍԴ որոշման թե՛ դրական, թե՛ թերություններ պարունակող կողմերի մասին։

«Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության և հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը։ Այսինքն՝ այն, ինչ ես այժմ ներկայացնում եմ, ամենևին աղերս չունի մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը։ Բայց ես ինչքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի բացարձակապես այն պոպուլիստական գաղափարը, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։

Ես նաև համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր լինի, միևնույն է, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները,- շեշտեց Դավիթ Հարությունյանը, ապա ներկայացրեց քննարկվող օրենքի էությունը,- Օրենքն ունի երկու հռչակված նպատակ․ առաջինը կոռուպցիայի դեմ պայքարն է և վերաբերում է նախկին ու ներկա պաշտոնյաներին, երկրորդն ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, և այդ դեպքում բացարձակապես էական չէ՝ այդ մարդիկ պաշտոնյա եղե՞լ են, թե՞ չեն եղել։

Ընդ որում, երկրորդ պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի, ավելին՝ նշում է, որ եթե անգամ անձը հանկարծ արդարացվեց և համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը, միևնույն է, պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նաև նման դրույթ»։

Կարդացեք նաև

Արդարադատության նախկին նախարարը նաև խոսեց օրենքի ուսումնասիրության շրջանակի՝ 1991 թվականի սեպտեմբերից սկսած՝ ձեռք բերված գույքի մասին, ինչպես նաև օրենքի այն դրույթի, թե որևէ կապ չունի՝ արդյո՞ք այն ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո, կամ՝ արդյո՞ք այն կապ ունի հանցագործության հետ, թե՞ ոչ, ու հենց այս համատեքստում ներկայացրեց ՍԴ որոշման դրական կողմերը։

«Դատարանը հաստատեց մի պարզ ու տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Բառացի մեջբերեմ ՍԴ որոշման այդ հատվածը․ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Ասեմ, որ սա նորություն չէ․ իրավաբանական նոր միտք չէ, այն դեռևս Տոդորովի գործով ամրագրված է եղել՝ որպես շատ հստակ սկզբունք, և այն մատնանշել ենք ՍԴ-ին ուղղված մեր դիմումում։

Երկրորդ կարևոր արձանագրումը ՍԴ կողմից այն էր, որ նշեց՝ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։

Եվ կա ՍԴ կողմից ամրագրված երրորդ հետաքրքիր դրույթը՝ ԱԺ-ն պարտավոր է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում սահմանել վաղեմության ժամկետ, որովհետև եթե ինչ-որ մեկն իր կյանքի ինչ-որ ժամանակահատվածում զբաղեցրել է պետական պաշտոն, ու հետո դուրս է եկել պաշտոնից, նա չպետք է իր ամբողջ կյանքը սպասի, թե ե՞րբ դատախազության ուխտը կչոքի իր դռանը և կասի, թե՝ որտեղի՞ց այս գույքը, որ ձեռք ես բերել այս տարիների ընթացքում»,- մանրամասնեց նա։

Վերջին հարցի վերաբերյալ, ըստ Դավիթ Հարությունյանի, ՍԴ-ն արել է ընդամենը կեսքայլ, մինչդեռ, ըստ նրա՝ ամենաողջամիտ տարբերակը կլիներ վաղեմության ժամկետի բացակայությունը հակասահմանադրական ճանաչելը և ԱԺ-ին որոշում ընդունելու ժամկետ տալը։

Ամփոփելով՝ իրավաբանը հստակեցրեց․ «ՍԴ որոշումների հիման վրա այժմ պետք է անհապաղ ձեռնարկվեն հետևյալ քայլերը․ նախ՝ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով չի ներկայացրել կապը ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի հետ,

դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել այն բոլոր գործերից, որոնցով անձինք արդարացվել են։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերին, ապա Դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի և հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։ Ցավոք, այսքանով ավարտվում են ՍԴ որոշման դրական կողմերը»։

Դավիթ Հարությունյանը, ի դեպ, հիշեցրեց նաև, որ ՍԴ-ն մերժել էր գործի լսումները բանավոր ընթացակարգով անցկացնելու իր միջնորդությունը՝ խախտելով ՍԴ մասին օրենքի պահանջները և հանրությանը զրկելով իրենց կողմից ներկայացվող փաստարկների մասին իրազեկվելու հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս