#ՀԻՄԱ. ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ԿՈՂՄԵՐԸ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ

Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ ծավալուն ասուլիսով, որի առանցքում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն էր։

Ասուլիսի շրջանակներում Դավիթ Հարությունյանի կողմից բարձրաձայնվեցին Սահմանադրական դատարանի որոշման ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերն ու լրջագույն թերությունները։

            Որոշման դրական դրույթները՝

  • Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում նշվում է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանը հաստատել է պարզ և տրամաբանական ճշմարտություն. հանցավորության դեմ պայքարի շրջանակներում գույքի բռնագանձումը հնարավոր է միայն, եթե որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ հանցագործության և գույքի միջև կա պատճառահետևանքային կապ:
  • Սահմանադրական դատարանը հստակ նշել է, որ եթե պաշտոնյայի նկատմամբ ապօրինի գույքի վերաբերյալ վարույթը հարուցվել է օպերատիվ տվյալների հիման վրա, ապա այդ պաշտոնյայի պաշտոնավարումից առաջ ձեռք բերած գույքը չի կարող բռնագանձվել։ Սա նույնպես շատ պարզ ու տրամաբանական է, քանի որ եթե նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա ինչ կապ կարող է ունենալ մինչև պաշտոն զբաղեցնելը ձեռք բերված գույքը և ինչու դա պետք է առհասարակ բռնագանձվի:
  • Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ազգային ժողովը պարտավոր է օրենքով սահմանել բռնագանձման վաղեմության ժամկետ։ Սակայն այս ձևակերպումը իրավաբանորեն չի պարտադրում Ազգային ժողովին որոշակի ժամկետում փոփոխություն կատարել, քանի որ դատարանը պարզապես «պնդել է», որ անհրաժեշտ է ժամկետ սահմանել։ Փոխարենը, դատարանը պետք է օրենքի այս բացը ճանաչեր հակասամանդրական՝ դրան զուգահեռ ժամանակ տրամադրելով Ազգային ժողովին այն ուղղելու համար։

Որոշման բացասական դրույթները՝

  • Օրենքն ունի հետադարձ կիրառման ուժ, ինչն անհեթեթ է ու անարդար։ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի մեջ շեշտվել էր հիմնարար սահմանադրական սկզբունքներից մեկը, այն է՝ օրենքները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, չեն կարող ունենալ հետադարձ ուժ։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը նենգափոխել է այդ ձևակերպումն ու մեկնաբանել, թե դիմումի մեջ պնդում է կատարվել առ այն, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր։
  • Առկա են բացեր արդար դատաքննության իրավունքի համատեքստում։ Օրենքը պահանջում է, որպեսզի անձն ապացուցի իր գույքի օրինականությունը, այլապես կզրկվի այդ գույքից, մինչդեռ իրականության մեջ շատ դեպքերում պետությունն ինքն է ոչնչացրել այդ փաստաթղթերը՝ կա’մ պահպանման ժամկետի լրանալու պատճառով, կա’մ կորցրել է դրանք` պատշաճ չպահապանելու հետևանքով:
  • Բացակայում է պաշտոնատար անձի նկատմամբ ուսումնասիրություն սկսելու հիմքերի հստակ ձևակերպված պահանջները, անգամ իրավախախտման կասկածի առկայությունը պարտադիր չէ։ Սա խնդրահարույց է, քանի որ Օրենքը հանգիստ կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիքակազմ քաղաքական հակառակորդների դեմ։
  • Սահմանափակված է դատական պաշտպանության իրավունքը, քանի որ ուսումնասիրության ժամանակահատվածը տարածվում է մինչև 1991թ. սեպտեմբեր, այսինքն՝ Խորհրդային միության փլուզման ժամանակաշրջան։ Ինչպես գիտենք, այդ ժամանակաշրջանում Հայաստանում փաստաթղթավորման պահանջներն արմատապես տարբերվում էին ներկա օրենսդրական պահանջներից, տնտեսությունը գերակշռող մասով ստվերային էր, և առկա էր սրընթաց ինֆլյացիա։ Այսպիսով՝ Օրենքը պարտադրանքի տակ է դնում անձին ապացուցելու 30- 35 տարվա վաղեմության գործարքների օրինականությունը, ինչը խոշոր հաշվով շատ դեպքերում օբյեկտիվորեն անհնարին պահանջ է։
  • Խախտված են կողմերի անհավասարության և մրցակցության սկզբունքները։ Հավասարության նշան է դրվել գործը քննող դատախազի և փաստաբանի միջև, մինչդեռ դատախազությունն օժտված է հսկայական պետական լիազորություններով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պետական բյուջեի միջոցներով փորձագետների ներգրավվում, պետական հարկադրանքի գործիքների կիրառում։ Բացի այդ, անձին տրվում է ընդամենը 1 ամիս ծանոթանալու իրավասու մարմնի կողմից 3 տարի հավաքագրված նյութերին։
  • Սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը չի գնահատել ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, քանի որ այդ պարագայում հենվելով Տոդորովի գործով ՄԻԵԴ որոշման վրա՝ ստիպված կլիներ արձանագրել, որ դատախազության ու հակակոռուպցիոն դատարանների իրավակիրառ պրակտիկան հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ՄԻԵԿ-ին։

Ի հավելումն՝ Սահմանադրական դատարանը խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները։ Դիմումը ներկայացվել էր դեռևս 2021թ. նոյեմբերին, մինչդեռ Սահմանադրական դատարանի կողմից որոշումը կայացվել է միայն 3 ու կես տարի անց՝ խախտելով օրենքով նախատեսված 9 ամսվա առավելագույն ժամկետը։ Նույնիսկ եթե հաշվի առնվի գործի կասեցման ժամանակահատվածը, այնուհանդերձ Սահմանադրական դատարանը գերազանցել է իննամսյա ժամկետը ավելի քան 2 տարով։

      Ամփոփելով՝

  • Չնայած դրական տարրեր պարունակելուն, Սահմանադրական դատարանի որոշումը չի անդրադարձել մի շարք կարևոր և ակնհայտ հարցերի, որոնք այսպես թե այնպես մի օր անհատական գանգատի շրջանակներում հայտնվելու են Սահմանադրական դատարանի կամ ՄԻԵԴ-ի տիրույթում:
  • Որոշման մեջ առկա են կիսատ լուծումներ, որոնք ոչ միայն չեն կարգավորում խնդիրը, այլև դառնալու են նոր վեճերի ու վնասների աղբյուր։
  • Տպավորություն է ստեղծվում, որ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որով հնարավոր է զբաղեցնել քաղաքական հակառակորդներին ՝ ստիպելով նրանց տարիներ շարունակ ժամանակ և ռեսուրսներ վատնել պաշտպանվելու այս մեղադրանքներից, և այդ միջոցով շեղել նրանց քաղաքական օրակարգից։

Տեսանյութեր

Լրահոս