Հարավային Կովկասը մնում է բարձր ռիսկային գոտի, որտեղ ցանկացած պահի հնարավոր են ռազմական կամ քաղաքական նոր սրացումներ. Շիրազ Խաչատրյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում:

Այցի ընթացքում ԻԻՀ ղեկավարը նախ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իրանն Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում, կա պայմանավորվածություն»: Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ փորձել է համոզել, թե Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է նույնը, ինչ Իրանը:

Արդյո՞ք իրականում Իրանի առաջարկածն Ադրբեջանին, և Ադրբեջանից Հայաստանի պահանջածը կամ Հայաստանի առաջարկածը նույնատիպ առաջարկներ են, նույնատիպ ռիսկերով կամ դրանց բացակայությամբ, և Ադրբեջանն ու Իրանը փորձելով բարելավել երկկողմ հարաբերությունները, ինչ առաջնային խնդիր են լուծում՝ յուրաքանչյուրն իր համար:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

Կարդացեք նաև

– Եթե Փաշինյանի առաջարկների սկզբունքները նույնն են, ապա ինչո՞ւ են Իրան-Ադրբեջան պայմանավորվածությունները մշտապես գործնական աշխատանքների վերածվում, իսկ Հայաստանի կողմի առաջարկները մշտապես մնում բանակցային մակարդակի վրա։ Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, Բաքուն Երևանից պահանջում է առանց հայկական վերահսկողության ճանապարհ ՀՀ տարածքով, և տարբեր միջոցներով ճնշումներ բանեցնելով՝ փորձում հասնել իր ուզածին։ Չի կարող նույնանման առաջարկ լինել, դրանք էապես տարբեր են թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ այլ առումներով։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի ակտիվ շփման ձգտմանն Ադրբեջանի հետ, ապա դա պայմանավորված է նրանով, որ Թեհրանը փորձում է տնտեսական ազդեցություն ստանալ Հարավային Կովկասում՝ բացելով սեփական տրանսպորտային նախագծերը, ակտիվացնել առևտրաշրջանառությունը և այլն։

Երկրորդ՝ Թեհրանը փորձում է ամեն բան անել, որ իր հյուսիսային սահմանները որևէ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական վերաձևավորումների պարագայում հանկարծակի չփակվեն, փորձում է թույլ չտալ թուրքական վերահսկողության ավելացում: Առանց այդ էլ թուրքական գործոնը տարածաշրջանում բավականին մեծացել է։ Իրանը ձգտում է նաև պաշտպանել «Զանգեզուրի միջանցքի» դեմ գաղափարը, որը վտանգում է իր անմիջական ցամաքային կապը Հայաստանի և Վրաստանի հետ։

Իսկ Ադրբեջանն էլ իր հերթին փորձում է տարբեր ուղիներով ակտիվ աշխատել, և չնայած «Զանգեզուրի միջանցքին» հասնելու նպատակների ձգձգմանն ու Հայաստանի հետ բարդ բանակցություններին, ամեն բան անում է՝ այլընտրանքային ճանապարհներով արագացնելու իր ուղիղ կապը Նախիջևանի հետ, որը կենսական նշանակություն ունի Բաքվի համար։ Բաքվի համար Իրանի միջոցով դեպի Նախիջևան, Թուրքիա կապ ստանալն արագ տարբերակներից մեկն է, բայց այն ամբողջությամբ չի փոխարինում իրենց բաղձալի ցանկությանը՝ Սյունիքով ճանապարհ ունենալու գաղափարին։ Այնպես որ, խնդիրները բազմաշերտ են, լուծումներն էլ փոփոխական՝ կախված ռեգիոնալ խաղացողների առաջնահերթություններից։

Մայիսին նախատեսվում է Իսրայելի վարչապետի այցը Բաքու, ինչն է՛լ ավելի է նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իսկ օրակարգում ոչ միայն երկկողմ հարաբերությունների հարցն է լինելու, այլ նաև ԹուրքիաԻսրայել լարվածության մեղմացման, քանի որ Ադրբեջանին սա մտահոգում է, դրա համար կա՞ն պատճառներ:

– Եթե խնդիրը նայենք Ադրբեջանի դիտանկյունից, ապա պարզ է, որ Բաքուն ձգտում է մնալ և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի գլխավոր դաշնակիցը մեր տարածաշրջանում, ստիպված չլինելով ընտրել կողմերից մեկին։

Իսրայելն Ադրբեջանի համար սպառազինությունների (անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր, կիբեռանվտանգության լուծումներ և այլն), տեխնոլոգիաների և հետախուզության հիմնական մատակարարներից է։ Թուրքիան էլ Ադրբեջանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, և իր ռազմական աջակցությամբ, քաղաքական պաշտպանությամբ, և մեծ տնտեսական ծրագրերով։

Ադրբեջանի համար խիստ ռիսկային է, եթե Իսրայելն ու Թուրքիան մեծ խնդիրներ ունենան իրար հետ և Բաքվին ստիպեն ընտրություն կատարել։ Եթե երկու գերտերությունները խիստ լարված հակադրությունների մեջ ընկնեն, դրանից ադրբեջանական ռեգիոնալ խոշոր ծրագրերը կարող են դառնալ անկայուն։ Ադրբեջանը, որքան էլ Հայաստանի հետ փորձում է լարված պահել հարաբերությունները, անընդհատ ուժի մեջ պահելով էսկալացիայի միջոցով իր խնդիրներին հասնելու գաղափարը, այնուհանդերձ, մեծ հաշվով, Բաքուն փնտրում է կայունություն՝ իր տնտեսական և գեոպոլիտիկ շահերն ամրապնդելու համար։

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի վարչապետի այցի հնարավոր նպատակներին, ապա բացի Ադրբեջանի հետ ռազմական, տնտեսական, հետախուզական ոլորտներում հարաբերությունների ամրապնդումից, Իսրայելը փորձում է Բաքվի միջոցով ազդանշան ուղարկել Անկարային՝ անուղղակի դիվանագիտական կամուրջ ստեղծելով Թուրքիա-Իսրայել լարվածության մեղմացման ուղղությամբ։

Ի դեպ, Ադրբեջանին մտահոգում է նաև ՀնդկաստանՊակիստան լարվածությունը, ինչո՞ւ: Չմոռանանք, որ մեկը ՀՀի ռազմատեխնիկական գործընկերն է, մյուսը՝ Ադրբեջանի՝ ռազմավարական:

– Բաքվի անհանգստությունը կապված է նրա հետ, որ Պակիստան-Հնդկաստան լարվածությունը կարող է թուլացնել Պակիստանի հնարավորությունները Բաքվին օգնելու հարցում (օրինակ՝ ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական աջակցությունները Բաքվին) տարածաշրջանային հնարավոր առճակատումների դեպքում։ Հնարավոր բախումների դեպքում էլ Ադրբեջանը չի ցանկանում լուրջ հակասությունների մեջ մտնել Հնդկաստանի հետ: Եվ չնայած իր սերտ հարաբերություններին Պակիստանի հետ, Բաքուն հասկանում է՝ ինչ հզոր երկիր է Հնդկաստանը՝ իր դիվանագիտական և տնտեսական ռեսուրսներով, և եթե Ադրբեջանը բաց աջակցություն ցուցաբերի Պակիստանին, Հնդկաստանն էլ իր հերթին՝ կանցնի Հայաստանի ռեգիոնալ դերի ամրապնդման գործին, ինչն ակնհայտ ձեռնտու չէ մեր թշնամի երկրին։

ԱդրբեջանԹուրքիա հարաբերություններում ի՞նչ չերևացող խնդիրներ կան, եթե կան, իհարկե, կամ՝ Ադրբեջանի համար առնվազն բարդ հարցեր:

– Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն արտաքինից միշտ ներկայացվում են՝ որպես եղբայրական, բայց իրականում կան բազմաթիվ երկկողմ չերևացող խնդիրներ, ինչը շատ հաճախ հենց Բաքուն փորձում է հրապարակայնորեն չցուցադրել։

Այսինքն, «դրսից» հարաբերությունները միասնական են թվում, բայց ներսում կան ինքնիշխանության, տնտեսական մրցակցության, ռազմավարական և մշակութային տարբերությունների հետ առնչվող լարվածություններ։

Ադրբեջանը ձգտում է պահպանել իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, բայց Թուրքիան շատ հաճախ փորձում է ազդել Բաքվի որոշումների վրա, օրինակ, Անկարան փորձում է իր առաջնահերթությունները պարտադրել էներգետիկ, ռազմական և տրանսպորտային հարցերում:

Բաքվի և Անկարայի միջև կա նաև տնտեսական մրցակցության բաղադրիչ, հատկապես էներգետիկ ոլորտում, երբ Թուրքիան ցանկանում է բոլոր էներգետիկ նախագծերում մնալ անփոխարինելի տարանցիկ երկիր, սակայն Բաքուն ձգտում է ունենալ ավելի մեծ ընտրության հնարավորություն։

Տարբեր են նաև մոտեցումները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի հետ հարաբերություններում։ Այնպես որ, նրանց հարաբերություններում բազմաթիվ չերևացող խնդիրներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ երկկողմանի սրվում են։

Բոլոր առկա իրողությունները հաշվի առնելով, տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կարող են լինել, և ինչի՞ վրա պետք է Հայաստանը ուշադրություն դարձնի, քանի որ կարող է ուղիղ ազդեցություն ունենալ իր վրա, անվտանգային միջավայրի, ինչո՞ւ չէ, նաև՝ էսկալացիոն իրավիճակի ստեղծման:

– Արդեն վաղուց տարածաշրջանը մտել է ռազմաքաղաքական ուժերի վերադասավորումների նոր փուլ, որտեղ Հայաստանի համար և՛ մեծ ռիսկերի, և՛ նաև հնարավորությունների դաշտ է բացվել։ Հարավային Կովկասը մնում է բարձր ռիսկային գոտի, որտեղ նոր ռազմական կամ քաղաքական սրացումներ հնարավոր են ցանկացած պահի։

Ոչինչ բացառել հնարավոր չէ, հարցն այն է, որ Հայաստանն իր ռազմական պաշտպանունակությունը զարգացնելու, տնտեսական դիմադրողականությունը բարձրացնելու համար ինչ ռազմավարություն պետք է ունենա իր համար՝ նախաձեռնո՞ղ, թե՞ ինչպես միշտ՝ արձագանքող։ Եթե արձագանքողի դերում պետք է միշտ լինենք, ապա բոլոր իրադարձություններից և ռեգիոնալ զարգացումներից անընդհատ հետ ենք մնալու՝ մեր մաշկի վրա զգալով տարածաշրջանային ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների ողջ ծանրությունը։

Հայաստանն այսօր ունի՞ վստահելի գործընկեր, կամ՝ ո՞ւմ համար է Հայաստանը վստահելի գործընկեր:

– Նախ՝ վստահելի գործընկեր ձեռք բերելու համար պետք է ունենալ հասկանալի և վստահելի կառավարություն, որն ունի հստակ ռազմավարություն, իսկ եթե նմանատիպ կառավարություն չունենք, պարզ է՝ վստահելի գործընկերներ էլ չենք ունենա։ Պետք է հասկանալ՝ աշխարհում ոչ մի պետություն առանց իր սեփական շահերը հաշվի առնելու՝ չի պաշտպանելու Հայաստանին, հատկապես էսկալացիոն սցենարի դեպքում։

Այս պահին բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հայաստանի կայունությամբ, համագործակցում են Հայաստանի հետ իրենց սեփական շահերի համատեքստում, կլինի դա Ֆրանսիան՝ Եվրոպայում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և Հարավային Կովկասում ԵՄ ազդեցությունն ուժեղացնելու համար, Հնդկաստանը՝ Պակիստան-Ադրբեջան տանդեմի զսպման համար, Հունաստանը՝ Թուրքիայի համար փոքր խնդիրներ առաջացնելու համար, Իրանը՝ Հարավային Կովկասում սեփական անվտանգությունն ապահովելու համար, թե մեկ այլ երկիր։

Հարցն այն է, որ ներկա կառավարիչների անհասկանալի, անհավասարակշիռ, հակասական վարքագծի արդյունքում ունենում ենք արտաքին քաղաքականության խզվածություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Հայաստանի արտաքին քաղաքական ակտիվության պակասի հետևանքն էլ թույլ է տալիս մեր թշնամիներին էլ ավելի ազատ տարածել իրենց բոլոր դիրքորոշումները։ Այդ պարագայում էլ մեծ պետությունները կարևորություն են տալու մեր ռեգիոնում արդեն իսկ իրենց դիրքորոշումներում և որոշումներում կողմնորոշված, իրենց շահերն առաջ մղող պետություններին։ Իսկ ռեգիոնում, ցավոք սրտի, այդ վստահելի ու բոլորի համար հասկանալի պետությունը մենք չենք։

Տեսանյութեր

Լրահոս