Հակահայկական օրակարգի քննարկումն Իրանի նախագահի հետ բացառվում է. Ջերմուկում ադրբեջանական ներխուժման ժամանակ Իրանը զգուշացում է հնչեցրել ոչ միայն Ադրբեջանին, այլև անձամբ Էրդողանին. Վարդան Ոսկանյան

Այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել է Ադրբեջան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին իրանական լրատվամիջոցները՝ Իրանի նախագահը Բաքու է մեկնել Ալիևի հրավերով։

Ի՞նչ հարցեր են լինելու Փեզեշքիան-Ալիև հանդիպման օրակարգում, Բաքուն կփորձի՞ հակահայկական հարցեր առաջ քաշել։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, իրանագետ Վարդան Ոսկանյանը, խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ Իրանի շահերին ուղղակի հակասում է Ադրբեջանի հետ որևէ հակահայկական օրակարգի քննարկումը, չնայած Բաքվի բարբարոսական վարչախումը կարող է նման փորձ կատարել։

«Պետք է բացառել Իրանի նախագահի հետ նման օրակարգի քննարկումը, այդ ամենը դեմ է Իրանի կենսական, այդ թվում՝ Հայաստանի շահերին։

Կարդացեք նաև

Իրանի նախագահն արդեն իսկ մատնանշել է «կարմիր գծերը»։ Իր այցից առաջ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը և այդ համատեքստում խոսել այն մասին, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Բնական է, որ այդ «Զանգեզուրի միջանցքը», որն իրանական կողմն անվանում է «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» և որը, ըստ էության, համապատասխանում է իրականությանը, Իրանի դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք չպետք է տուրք տանք մեղմացնելու այդ «միջանցքի» պանթյուրքական բնույթը։ Գոնե տեսանելի ապագայում Իրանի դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի կարող լինել, որովհետև նրա կենսական շահերից չի բխում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Ոսկանյանը։

Նա վստահ է՝ Ադրբեջանը քարոզչական առումով փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել՝ տեղեկատվությունը կեղծելով, խոսքերի աղճատման միջոցով ճնշում բանեցնելու հայկական կողմի վրա։

«Կարծում եմ՝ Բաքվի քարոզչամեքենայի կողմից հիմնական ուղղությունը լինելու է այն, որ եթե ՀՀ-ն չտրամադրի «թուրքական միջանցքը», ապա Նախիջևանի հետ ցամաքային ճանապարհը կհաստատեն Իրանի միջոցով։ Սա կեղծ օրակարգ է, քանի որ Նախիջևանի կապն Ադրբեջանի մնացյալ հատվածների հետ եղել է Իրանով։ Այստեղ որևէ նոր բան չկա, եթե խոսքը վերաբերում է ենթակառուցվածքների բարելավմանը, ապա իրանական կողմն այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարել է, բայց դա չի վերաբերում միայն ադրբեջանական կողմին, դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությանը։ Սա Իրանի համար չափազանց կարևոր է»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Նա նաև ընդգծեց՝ չգիտի, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցը թարգմանել ու տարածե՞լ է Իրանի նախագահի հարցազրույցի այն հատվածը, որտեղ ասում է, թե՝ «Ադրբեջանի ժողովրդին իրենք համարում են յուրային և այս համատեքստում սահմանները կարևոր չեն», Իրանի նախագահի պաշտոնական կայքում այս միտքը կա։

«Առաջին հայացքից թվում է, թե գեղեցիկ միտք է ու շատ հոգեհարազատ կարող է լինել, բայց եթե փորձենք դա դիվանագիտական լեզվից թարգմանել, ապա դա նշանակում է՝ Իրանի ժողովուրդը համարում է, որ ադրբեջանցի ժողովուրդն իրենց ժողովուրդն է, և ըստ էության այս առումով սահմանները որևէ կարևորություն չունեն»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է վերջին 1 ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից Սյունիքում հնչող կրակոցներին և հարցին՝ արդյո՞ք այդ հարցին անդրադարձ կլինի, Վարդան Ոսկանյանը պատասխանեց՝ եթե Իրանի նախագահն այդ հարցին անդրադառնա, ապա այն լինելու է փակ ձևաչափով։

«Իրանը գրեթե հավասարապես աշխատում է թե՛ երևացող՝ պաշտոնական, դիվանագիտական հարթակում, թե՛ չերևացող տիրույթում, և կարծում եմ՝ վերջին հատվածում աշխատանքները պակաս կարևոր չեն, քան երկրորդում։ Ունեցել ենք դեպքեր, երբ, օրինակ, Ջերմուկում ադրբեջանական կողմի ներխուժման ժամանակ, Իրանը փակ ձևաչափով զգուշացում է հնչեցրել ոչ միայն Ադրբեջանի ղեկավարությանը, այլև Էրդողանին անձամբ։ Հիմա դրա մասին արդեն իրանական փորձագետները խոսում են, գրում։ Հետևաբար, եթե ադրբեջանական կրակոցներին անդրադառնան, դա փակ են պահելու»,- ընդգծեց Վրադան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս