
Երազը

Արևելքի տիրակալներից մեկը մի սարսափազդու երազ տեսավ՝ հերթով թափվեցին նրա բոլոր ատամները: Չափազանց տագնապած, նա իր մոտ կանչեց երազներ մեկնողին:
Վերջինս լսեց նրան ու մտահոգված ասաց.
– Ո՜վ տիրակալ, պետք է տխուր լուր հայտնեմ քեզ: Դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո բոլոր հարազատներին:
Զայրացավ տիրակալն այս խոսքերից և հրամայեց բանտ նետել խեղճին և ուրիշ մեկնողի կանչել իր մոտ, որն էլ երազը լսելով ասաց.
– Ուրախալի լուր ունեմ քեզ հայտնելու, տիրակա՛լ: Դու քո բոլոր հարազտներից ավելի երկար ես ապրելու:
Տիրակալը շատ ուրախացավ և առատաձեռնորեն պարգևատրեց նրան:
Պալատականները խիստ զարմացած էին:
– Դու ասացիր այն, ինչ քո դժբախտ նախորդը, արդ, ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,- հարցրեցին նրանք:
– Որովհետև շատ մարդիկ հաճախ կարևորում են ոչ թե այն, ինչ ասում ես, այլ այն, թե ինչպես ես դա ասում (ոչ թե բովանդակությունը, այլ ձևը):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի