Չինաստանը խորացնում է ներկայությունը Հարավային Կովկասում․ ի՞նչ ծրագրեր ունի Չինաստանը՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի հետ

Իլհամ Ալիևի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական համագործակցություն հաստատեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում այս մասին այսօր Պեկինում հայտարարեց  Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։

Բանակցությունների ավարտին երկու ղեկավարները ստորագրեցին 18 կետից բաղկացած հռչակագիրը, որում մասնավորաբար արձանագրում էին, որ Բաքվի և Պեկինի հարաբերությունները նոր փուլ են մուտք գործում։

«Հաստատելով, որ երկու երկրները միմյանց որպես առաջնահերթ, վստահելի և փոխշահավետ ռազմավարական գործընկերներ են դիտարկում, Ադրբեջանն ու Չինաստանը պատրաստակամություն են հայտնում ամրապնդել քաղաքական փոխվստահության ու փոխօգնության մթնոլորտը, զարգացնել համակողմանի գործակցությունն ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, միասնաբար պայմանավորվում են համապարփակ ռազմավարական համագործակցության հարաբերություններ հաստատել»,- նշված է Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի կողմից ստորագրված փաստաթղթում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Ադրբեջանի նախագահը Պեկին է ժամանել պետական այցով, որի ընթացքում կողմերն այսօր մոտ երկու տասնյակ երկկողմ փաստաթղթեր են ստորագրել, որոնցից անկյունաքարայինը, սակայն, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրն է։

Կարդացեք նաև

Այս փաստաթղթով Բաքուն հայտարարում է, որ «իր համար աշխարհում միայն մեկ Չինաստան գոյություն ունի, և Թայվանը դրա անքակտելի մասն է»։

Չինական կողմն էլ հռչակագրով «անկեղծ աջակցություն է հայտնում Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգին, իսկ հակամարտությունների միտված աշխարհաքաղաքական խաղերը վնասակար է որակում»։ Պեկինն իր  աջակցությունն է հայտնել Ադրբեջանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության գաղափարին, Բաքուն էլ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել չինական տրանսպորտային նախագծերում, մասնավորաբար՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրում, համադրելով այն իր սեփական՝ «Վերածնված Մետաքսի ճանապարհ» կոչվող պրոյեկտի հետ։

Ուշագրավ է, որ զուգահեռաբար ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը մեկնաբանություն էր տվել թուրքական մերձիշխանական «Թուրքիա» թերթին։ Թերթը հոդված էր հրապարակել՝ «Չինաստանից «Գոտի և ճանապարհի» հարցում նոր քայլ․ Թուրքիան ռազմավարական կենտրոն է, իսկ Երևանը տրանսպորտային ցանցում է ներգրավվում» վերտառությամբ։ Հոդվածում նշվել է, որ համաշխարհային առևտրային քարտեզը վերաձևվում է․ Չինաստանը պատմական «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ուշագրավ ևս մեկ քայլ է անում՝ պատրաստվելով Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում։

Նշվել է, որ այս պլանի մասին առաջին անգամ խոսել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։

Նա նշել է՝ Պեկինը Հայաստանին, որին դիտարկում է՝ որպես «աշխարհի խաչմերուկ», պլանավորում է էլ ավելի ակտիվ ինտեգրել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Հայտնելով, որ այս շրջանակում Չինաստանը Երևանի հետ տրանսպորտային ոլորտում առաջիկայում պայմանագիր է ստորագրելու՝ Չենը նշել է, որ այդ ծրագրերը վերագծելու են Հրվ․ Կովկասի տնտեսական քարտեզը։

168.am-ի հետ զրույցում ռուս տնտեսական, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշեց, որ Չինաստանը փորձում է ընդլայնել իր ներկայությունը Հարավային Կովկասում, և այս իրադարձությունները՝ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի հետ, ամենևին պատահականություն չեն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հետ ևս շփումներ, ինչպես նաև պրոյեկտներ են նախատեսվում։ Ըստ նրա, Ադրբեջանն ավելի վաղ է սկսել խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ։

«Նախորդ տարի արդեն նկատելի էին սերտ շփումներ։ Անցյալ տարի ամռանը տեղի ունեցավ ՇՀԿ գագաթնաժողով, որի շրջանակում կայացել էր Իլհամ Ալիևի հանդիպումը Սի Ծինփինի հետ, և արդեն այն ժամանակ  նրանք ստորագրել էին ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր, իսկ այսօր հռչակագիրը վերածվեց փաստաթղթի և կոնկրետ ծրագրերի։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը վերանայում է իր արտաքին քաղաքականությունը, նոր շեշտադրումներ է անում, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն կնքվեց, հիմա՝ Չինաստանի հետ, խորացնում է հարաբերություններն իր ավանդական բարեկամ երկրների հետ և ավելի մեծ պրոյեկտների է փորձում հավակնել, ինչպես նաև ավելի մեծ աշխարհաքաղաքական դերակատարության, ինչն ակնհայտ է»,- ասաց Սիմոնովը։

Նա գտնում է, որ Չինաստանը շատ ռեգիոններում ոչ այնքան քաղաքական, որքան առևտրատնտեսական ազդեցություն է տարածում, որի համար կարևոր են ենթակառուցվածքները, ճանապարհներն ու հաղորդակցությունները։ Սա, նրա որակմամբ, Չինաստանի աննախադեպ «փափուկ ուժն» է։

«Ինչպես Արևմուտքի համար են կարևոր այս ռեգիոնով ենթակառուցվածքները, այնպես էլ Չինաստանն իր երկարաժամկետ ծրագրերն ունի և փորձում է իր ազդեցությունը, ներկայությունը խորացնել Հարավային Կովկասում նման պրոյեկտների միջոցով՝ հանուն «»Գոտի և ճանապարհ» ծրագրի։

Թվացյալ չհավակնելով քաղաքական ազդեցության՝ Չինաստանն առաջին հերթին պատրաստվում է պրոյեկտների շուրջ պայմանագրեր կնքել, ակնհայտորեն դրանք գցելու են քաղաքական էական ազդեցության հիմքերը թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ։ Այս բոլոր պրոյեկտների համար կարևոր է ռեգիոնում կայունությունը Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, ինչը չկա, սա քաղաքական հստակ լուծումներ պահանջող հարց է, սակայն հստակ հեռանկար խաղաղության համար չկա։

Թե ով կհաստատի խաղաղություն և ով կօգտվի ռեգիոնի ապագա հնարավորությունից, ինչ տրանսպորտային տեսք կունենա ռեգիոնը՝ իսկապես դեռ վաղ է ասել, քանի որ աշխարհաքաղաքական գործընթացները շարունակվում են»,- նշեց Սիմոնովը։

 

Տեսանյութեր

Լրահոս