
Ավիափոխադրողները բյուջեից աջակցություն կստանան. որոնք են պայմանները
ՀՀ-ում ավիաընկերությունը ֆինանսական աջակցություն կստանա միայն այն դեպքում, եթե առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթ ունենա Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները դիտարկում են նոր ուղղություններով ժամանող թռիչքների սուբսիդավորման հնարավորությունը։ Որոշման նախագիծը հրապարակվել էր իրավական ակտերի նախագծերի պաշտոնական e-draft.am կայքում։
Ներկայացնելով ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 2 տարեկանից բարձր ուղևորների համար կսահմանվի աջակցություն հետևյալ սահմանաչափերով` Գյումրու
«Շիրակ» օդանավակայանի համար մեկ ուղևորի հաշվարկով 15 հազար դրամ, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար` 20 հազար դրամ։
Խութաթյանը նշեց, որ ծրագիրը հիմնականում վերաբերելու է ՀՀ–ում բազավորված օտարերկրյա այն ավիաընկերություններին, որոնք ՀՀ–ում կունենան մասնաճյուղ առնվազն 2 մշտական օդանավով, իսկ աշխատողները գրանցված կլինեն հայկական մասնաճյուղում։
«Ծրագրից օգտվելու համար շահառու ավիաընկերությունները պարտադիր առնվազն մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում պետք է իրականացնեն Գյումրու «Շիրակ» օդանավակայան անգամ այն դեպքում, եթե ընտրել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով»,- ընդգծեց նախարարը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սա կարևոր հանգամանք համարեց, քանի որ «Շիրակ» օդանավակայանում օդի տուրքը ժամանակին հանվել է, որ անհավասար պայմաններ լինեն «Զվարթնոցի» հետ և «Շիրակի» մրցունակությունը բարձրացվի։ Բացի այդ, նպատակներից մեկն էլ այն է եղել, որ բյուջետային ավիաընկերություններն այստեղ վայրէջք կատարեն։