Վրաստանը մեղր կարտահանի Չինաստան

Վրաստանը Չինաստան մեղր արտահանելու թույլտվություն է ստացել. համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին և Չինաստանի առևտրի փոխնախարար Լին Ծին` Թբիլիսիում առևտրատնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Հանձնաժողովի աշխատանքների շրջանակում ստորագրվել է վրացական մեղրը չինական շուկա մատակարարելու թույլտվությունը»,- հայտնել է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունն ընդգծել է, որ դա վրացի արտադրողներին մուտքի հնարավորություն է տալիս դեպի աշխարհի ամենամեծ և ամենատարողունակ սպառողական շուկաներից մեկը, որտեղ մեղրի և այլ պարենային ապրանքների մեծ պահանջարկ կա։

Առաջիկա ամիսներին կողմերը նախատեսում են նաև ավարտել բանակցությունները վրացական թռչնամսի մուտքը չինական շուկա թույլ տալու շուրջ։

Վրաստանի և Չինաստանի միջև գոյություն ունի ազատ առևտրի համաձայնագիր, որը թույլ է տալիս ապրանքներ մատակարարել զրոյական կամ ներմուծման նվազագույն մաքսատուրքերով։

2016 թվականից վրացական մեղր արտադրողները մուտք են գործել ԵՄ շուկա։ Վերջին տարիներին ամենամեծ գնորդները դարձել են Ֆրանսիան և Բելգիան։

Տեսանյութեր

Լրահոս