
«Այսօր մենք նույն ընտրությունն ունենք` ընտրել Մանուշյանի՞ ուղին, թե՞ կապիտուլյանտ Պետենի. Ալիևը կրկնել է Հիտլերին». Էդուարդ Շարմազանով
ՀՀ երրորդ նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով և ՀՀԿ Գործադիր մարմնի որոշմամբ, ՀՀԿ քաղաքական, քարոզչական և հոգևոր մշակութային հանձնաժողովների միացյալ ջանքերով Երևանում անցկացվում է կլոր-սեղան համաժողով՝ նվիրված հայ ժողովրդի ավանդին Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը համաժողովի բացմանը մանրամասնեց, թե ինչու են որոշել անցկացնել նման համաժողով։
«Պետք է նշեմ, որ մեր որոշման հիմքում ընկած է այս պատերազմի հայրենական լինելու հանգամանքը։ 1941-1945 թթ. պատերազմը հայ ժողովրդի համար եղել է հայրենական։ 600.000 հայորդիներ մեկնել են ռազմաճակատ, նրանցից 300.000-ը նահատակվել է։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում մեծ է եղել սփյուռքի, Հայ Առաքելական եկեղեցու դերը։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հայ ժողովուրդը նման ոգևորությամբ պաշտպանել ֆաշիզմի դեմ պայքարը, պատասխանը շատ պարզ է։ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայությունը 1939 թվականից սկսած՝ երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, կանգնած էր նոր ցեղասպանության եզրին։ Ակնհայտ էր, որ Քեմալական Թուրքիան այդ ժամանակ համարվում էր Նացիստական Գերմանիայի դաշնակիցը, և Խորհրդային Միության պարտության դեպքում Թուրքիան շարունակելու էր ցեղասպանությունը նաև Արևելյան Հայաստանում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա հայտարարեց, որ խորհրդային բանակի յուրաքանչյուր 5-րդ գեներալ եղել է հայ, և այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 5 մարշալներ՝ 4 մարշալ, 1 ծովակալ, նրանք ունեցել են արցախյան ծագում։ Համազասպ Բաբաջանյանը և Հովհաննես Բաղրամյանը ծնվել են Չարդախլուում, Արմենակ Խանփերյանցը՝ Մեծ Թաղերում, Հովհաննես Իսակովը՝ Գանձակում, Սերգեյ Ագանովը ծնվել է Աստրախանում, սակայն ունեցել է արցախյան ծագում։
«Դիմադրության շարժման մեծագույն ներկայացուցիչ է եղել Միսաք Մանուշյանը՝ պոետ, թարգամանիչ, որի տաղանդը մեծ գնահատականի է արժանացել Ավետիք Իսահակյանի կողմից, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բռնել է ոչ թե կապիտուլյանտ Պետենի ուղին, այլ բռնեց դիմադրության շարժման Շառլ դը Գոլի ուղին։ Այսօր մենք ունենք նույն ընտրությունը՝ ընտրել Մանուշյանի ճանապա՞րհը, թե՞ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև հիշեցրեց՝ 2 տարի էլ չի անցել, երբ Արցախում Ադրբեջանի նեոնացիստական ղեկավարության կողմից տեղի ունեցավ էթնիկ զտում, և մի ամբողջ ժողովուրդ հիտլերյան Գերմանիայի դժբախտ օրենքների համաձայն՝ բռնի տեղահանվեց իր բնօրրանից։ Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի, Բորմանի գործողությունները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում