Փեզեշքիանը 120 հոգանոց պատվիրակությամբ մեկնելու է Ադրբեջան․ քննարկումները վերաբերելու են նաև Հայաստանին ու ռեգիոնալ զարգացումներին

Մինչ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին առաջարկում են պարզեցված ընթացակարգերով կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանն անխոչընդոտ և անժամկետ կապ է պահանջում։

Օրերս Անթալիայում ՀՀ ԱԳ նախարարը, ով Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հետ մասնակցեց պանելային քննարկման, հայտարարեց, որ  վերջերս առաջարկ են արել Ադրբեջանին՝ հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ, համաձայն որի՝ նրանք հասանելիություն կստանան ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքներին, իսկ ՀՀ-ն հասանելիություն կստանա Ադրբեջանի տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքներին: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավում կա 45 կիլոմետր, որը հավանաբար կամ թերևս ակնհայտորեն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի երկու հատվածները կապելու համար, և մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Կան էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների, բեռների ֆիզիկական զննությունից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, որոնք կարող են փոխանակվել համապատասխան կառույցների միջև: Սա թույլ կտա առավելագույն արագությամբ իրականացնել անցումը, և այլն: Մենք արեցինք շատ կոնկրետ առաջարկ, սակայն դրական պատասխան չկա»,- նշել էր Միրզոյանը։ Օրերս ԱԺ-ում  Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Երևանը հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ֆիքսել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների՝ չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ. Հայաստանի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:

Սակայն պարզեցված ընթացակարգերի ու ապաշրջափակման փաթեթին առնչվող Երևանի առաջարկները Բաքվին չեն հետաքրքրում։ Ադրբեջանական կողմն առավելապաշտական նպատակներ ունի։

Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ի հավելում՝ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում  արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովման հարցում։

Կարդացեք նաև

«Նման բան գոյություն չունի, երբ մի երկրի տարածքը բաժանված է երկու մասի։ 2020 թվականին Հայաստանն անխոչընդոտ հաղորդակցության պարտավորություն է ստանձնել, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապը պետք է լինի անխոչընդոտ, որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Եվ դա այնպիսի պարտավորություն պետք է լինի, որ ապագայում Հայաստանի օրենսդրության հնարավոր փոփոխություններն այդ իրավիճակի վրա չազդեն ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ կտրվածքով»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ հաղորդակցության նման ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը բխում է խորհրդային տարիների պատմությունից, երբ «300 հազար բնակիչ ունեցող ինքնավար հանրապետությունը հայտնվեց շրջափակման մեջ»։

Այժմ, ըստ Բայրամովի, «Ադրբեջանի ակնկալիքն է ազատ և անխոչընդոտ հաղորդակցություն՝ անկախ քաղաքական հարաբերակցության տարրերի փոփոխությունից»։

Վերջերս  «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանն Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ «Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում»,- ասել էր նա:

Սակայն Իրանի դեպքում Ադրբեջանն օգտվելու է Իրանի օրենսդրությամբ կարգավորվող հաղորդակցությունից, այնինչ Հայաստանի դեպքում պահանջում են անխոչընդոտ ու անժամկետ անցում, այսինքն՝ տարածք, որի նկատմամբ ՀՀ-ն չի կարող կիրառել իր օրենսդրությունը։

Այս խոսակցությունների ֆոնին սպասվում է ԻԻՀ նախագահի այցն Ադրբեջան։ Այսօր հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Ադրբեջան: Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմոազենը հայտարարել է, որ պատվիրակության կազմում է մոտ 120 մարդ, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ և Իրանի հյուսիս-արևմտյան չորս նահանգների նահանգապետեր: Նա հավելել է, որ այցը կներառի տնտեսական համագործակցության զարգացումը և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցերի պլանավորումը։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ նախագահի առաջիկա այցն Ադրբեջան էական ռեգիոնալ ու երկկողմ իրադարձություն է։

Նրա խոսքով, կողմերը վստահաբար անդրադառնալու են ոչ միայն երկկողմ օրակարգին առնչվող հարցերին, այլև ռեգիոնալ, որոնք առնչվում են՝ ինչպես անմիջականորեն ՀՀ-ի, այնպես էլ՝ Իրանի մերձավորարևելյան շահերին։

«Դատելով այս վերջին հաղորդագրություններից, կարելի է ենթադրել, որ այս այցն ունի երկկողմ հարաբերությունների բացասական ֆոնը ցրելու, դրանք խորացնելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական և ռեգիոնալ հարցերը քննարկելու նպատակ։

Պատվիրակության նման մեծ կազմը նշանակում է, որ օրակարգում ներառված են ոլորտային քննարկումներ, որոնք ամենայն հավանականությամբ վերաբերում են առևտրային, հաղորդակցական և գլոբալ տնտեսական հարցերին։

Այս այցի ընթացքում կքննարկվի նաև Իրանի տարածքով անցնող ճանապարհը։ Սակայն Ադրբեջանը դա համարում է ժամանակավոր լուծում, քանի որ այն նախ՝ հարմար չէ Ադրբեջանին, քանի որ ավելի երկար է, արտոնյալ չէ, ինչպես պահանջում են Հայաստանի դեպքում։ Հայաստանով կապվելու հարցն ունի պատմական նշանակություն Թուրքիայի ու Ադրբեջանի համար, որն առնչվում է Մեծ Թուրանի նրանց աշխարհաքաղաքական նպատակներին։ Սակայն Հարավային Կովկասում նրանց հաջողությունների ֆոնին, պետք է ասել, որ թյուրքական երկրների շրջանում վերջին օրերին Կիպրոսի հարցով լուրջ տարաձայնություն տեղի ունեցավ, ուստի այստեղ ևս ամեն բան հարթ չէ Թուրքիայի ու Ադրբեջանի համար»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ Իրանը փորձում է Ադրբեջանի հետ դիվանագիտությամբ, նրան զսպելու ու ռեգիոնալ վտանգները կառավարելու քաղաքականություն վարել։

«Այս այցը նաև այդ բաղադրիչն ունի, քանի որ սրանով Իրանն ու Ադրբեջանը փորձում են փոքր ինչ վերանայել, կարգավորել հարաբերությունները։ Չեմ կարծում, թե այն վերականգնելու է կողմերի միջև բացակայող վստահությունը, սակայն սա փորձ է մթնոլորտն առողջացնել։ Վստահաբար պետք է ասել, որ եթե Իրանի շուրջ իրավիճակը լարվի, խոսքն Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության մասին է, ապա Ադրբեջանը կփորձի օգտվել։ Կարծում  եմ՝ անուղղակիորեն նաև կքննարկվեն Ադրբեջանի՝ ՀՀ-ին արվող առաջարկը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ միջանցքի պահանջը, Ադրբեջանին Իրանի այս դիրքորոշումը լավագույնս հայտնի է թե հայտարարություններից, թե շփումներից։ Սակայն այցն ունի շատ ավելի լայն ընդգրկունություն և վերաբերում է նաև Արևմուտքի որոշ կենտրոններին, ինչպես նաև Իսրայելին, Իրանը փորձում է իրեն բնորոշ զգույշ դիվանագիտություն վարել, զսպվածություն է դրսևորում, որի միջոցով կարողանում է հաղթահարել սպառնալիքները»,- ասաց նա։

Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ էական հարցեր կախված են ԱՄՆ-Իրան բանակցություններից, որոնց միջնորդելու ցանկություն հայտնեց ՌԴ-ն Լավրով-Արաղչի բանակցություններից հետո։

«Որոշակի միջնորդական դերակատարություն ՌԴ-ն ստանձնել էր, սակայն ՌԴ-Իրան-Չինաստան խորհրդակցությունից ու ՌԴ-ի ու Իրանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ՌԴ-ն հավակնում է միջնորդի պաշտոնական դերին։ Եվ ուշագրավ իրավիճակ է ստեղծվում ՌԴ-ԱՄՆ բանակցություններում, որոնք դեռ տարբեր փոփոխությունների փուլում են, և պետք չէ շտապել գնահատականների հարցում։ Բոլոր գործընթացները միմյանցից կախվածության մեջ են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս