
«ԿԳՄՍՆ-ն պետք է պահանջագրեր ուղարկի Վատիկան, Մայր Աթոռը պետք է բողոքի նոտա հղի Վատիկանին, պարզաբանումներ պահանջի. պետական մակարդակով չկա որևէ քայլ». Հովիկ Ավանեսով

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն ահազանգում է, որ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ Համաժողովի մասին հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է՝ բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունն Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանձասարը, Դադիվանքը և այլն։
Այս առիթով թիմն իր մտահոգությունն է հայտնել հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, նաև ՀՀ իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթն այսպես սքողում և անտեսում են։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի համար այս ամենը նույնպես շատ մտահոգիչ է, քանի որ այս և նմանատիպ համաժողովներն ուղղված են ոչ միայն Արցախի հայկականության, այլև Հայաստանի դեմ։
«Համաժողովը նաև հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու նպատակ ունի։ Նման համաժողովների ժամանակ Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացվում է ալբանական կամ այլ ձևով. ՀՀ տարածքում գտնվող բազմաթիվ ճարտարապետական հուշակոթողներ նույնպես հայտնվում են նրանց թիրախում, օրինակ, Տաթևի վանական համալիրը, Մայր Աթոռի տաճարը, Սևանի վանքը։ Սրանով մի կողմից՝ յուրացնում են մեր մշակույթը, մյուս կողմից՝ առաջ մղում իրենց զավթողական ծրագերն ու հերթական տարածքային պահանջը ներկայացնում հայկական կողմին»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Նրա խոսքով՝ հայկական կողմից, այդ թվում՝ դեսպանության, մեծ աղմուկ պետք է բարձրացվեր, հետևողական լինեին։ Համաժողովի կազմակերպման մասին տեղեկատվությունը հայտնվել է դրա անցկացումից 1-2 օր առաջ, ինչը նշանակում է, որ համաժողովը կազմակերպվել է փակ ձևաչափով։
«Ստացվում է, որ համաժողովի կազմակերպիչներն իրենց խողովակներով, տարբեր մասնագետների են հրավիրել՝ բացի հայ մասնագետներից։ Այդ մասնագետների ակադեմիական բարեվարքությունը խիստ կասկածելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոնե բարեվարքությունից ելնելով՝ այդ մասնագետները պետք է տեղյակ պահեին իրենց հայ գործընկերներին։
Նաև ենթադրում եմ, որ մասնակիցների ելույթների տեքստերի մեծ մասը պատրաստված է հենց Բաքվում, ինչպես անում է Ադրբեջանն իր կազմակերպած բոլոր համաժողովների ժամանակ։
Սա մեծ խնդիր է, որի մասին պետք է խոսեն ոչ միայն հայկական ակադեմիական շրջանակներն ու պատմաբանները, նաև Մայր Աթոռը պետք է բողոքի նոտա հղի Վատիկանին, պարզաբանումներ պահանջի, որովհետև կարող էին հրավիրել Մայր Աթոռից կամ Կիլիկիո կաթողիկոսարանից ներկայացուցիչների։
Մեր դիվանագիտական կորոպուսը պետք է շատ ակտիվ աշխատեր, բացի 1-2 երկրների դիվանագետներից, այդ ակտիվությունը մենք չենք տեսնում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Հովիկ Ավանեսովի՝ գիտնականներն ու լրատվամիջոցներն այս խնդրի մասին բարձրաձայնում են, սակայն պետական մակարդակով չկա որևէ քայլ, ԿԳՄՍ նախարարությունը պետք է ակտիվ արձագանքի, պահանջագրեր ուղարկի Վատիկան՝ պարզաբանումներ ստանալու։
«Բողոք չկա հայկական կողմից առ այն, որ Վատիկանում համաժողով է կազմակերպվում մի երկրի նախաձեռնությամբ, որը ոչ մի կապ չունի քրիստոնեական մշակութային ժառանգության հետ, այլև որևէ տեսակի արժեքների հետ առնչություն չունի։ Ադրբեջանի արժեհամակարգը ձևավորման ժամանակից ի վեր եղել է՝ յուրացնել, վերացնել, ջարդել։ Բավականին ապացույցներ կան՝ ցույց տալու Ադրբեջանի վայրագություններ, նույն այդ երկիրը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցիները, Մոխրենեսի սուրբ Սարգիս եկեղեցին, հիմնովին ավարել է Գանձատափի եկեղեցին։ Բազմաթիվ եկեղեցիների, հուշարձանների պատմական դիմագիծը խեղվել է, օրինակ, Ղազանչեցոց եկեղեցին։
Սա է Ադրբեջանի իրական դիմագիծը, որը որևէ աղերս չունի ներկայացվող ժառանգության քննարկման հետ։ Պետք է նշվի, որ մենք գործ ունենք քաղաքակրթության թշնամի երկրի հետ, որը նման համաժողովներով փորձում է աշխարհին քաղաքակիրթ երևալ»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։