Խաղաղության պայմանագրից բացակայում է կարևոր մարդասիրական խնդիր` Բաքվում պահվող հայ գերիների հարցը. BBC World Service

BBC World Service-ի ապրիլի 9-ի ռադիոեթերի  ժամանակ կովկասյան թղթակից  Ռեյհան Դեմիտրին մանրմասներ է հաղորդել Հայաստան այցից՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը, ինչպես նաև այդ համատեքստում անդրադարձել  մարդասիրական կարևոր խնդրի՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցին:

Լրագրողը նշել է, որ անցյալ ամիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարեցին, թե համաձայնության են եկել պայմանագրի կետերի շուրջ, սակայն գերիների հարցը այնտեղից բացակայում է: Նշվում է, որ ներկայում Բաքվում դատական գործընթաց է իրականացվում 16 հայերի նկատմամբ, որոնցից մեկը հայտնի միլիարդատեր բարերար Ռուբեն Վարդանյանն է, որը փետրվարին հացադուլ էր հայտարարել՝ հայտնելով արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:

Եթերում հնչել է նաև Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի  մեկնաբանությունը, որի հետ հանդիպել ու զրուցել է լրագրողը:

«Մեզ հաջողվեց փաստաբան գտնել Ադրբեջանում, ինչը չափազանց դժվար էր տարբեր պատճառներով: Նախ և առաջ, բոլորին հայտնի է, նաև փաստագրված են նրանց կողմից  հայերի նկատմամբ քսենոֆոբիայի դրսևորումները, ու կա նաև՝  Լեռնային Ղարաբաղի հարցի զգայունությունը: Շատ փաստաբաններ հրաժարվում էին վերցնել գործը՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ճնշման տակ կհայտնվեն:

Մենք ունենք նաև իրավական թիմ դրսում: Մեր միջազգային  իրավախորհրդատուն՝ Ջարեդ Գենսերը Վաշինգտոնից,  ոչ մի անգամ չի կարողացել խոսել  կամ ուղիղ հաղորդակցվել հորս՝ իր պաշտպանյալի  հետ: Նրան չեն թույլատրել այցելել Բաքու»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

BBC World Service-ն անդրադարձել է նաև Ադրբեջանում  BBC-ի ադրբեջանական ծառայության նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը դադարեցնելու պահանջին:

«Լրագրողների վրա հսկայական ճնշում կա: Տասնյակ անկախ լրագրողներ բանտում են: Խոսքի ազատություն չկա, և անցյալ ամիս մի շարք միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գրասենյակներին և Կարմիր խաչին, որը միակ կազմակերպությունն էր հայ բանտարկյալների մոտ մուտքի իրավունքով, բոլորին ասվել է փակել իրենց գրասենյակները՝ առանց որևէ պաշտոնական պատճառի: Բայց ոչ պաշտոնապես ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները այս կազմակերպություններին դիտարկում են որպես հայամետ դիրքորոշում ունեցողների: Այսպիսով, մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակը շատ, շատ ծանր է Ադրբեջանում: Ընկալում կա, որ այս դատավարություններն օգտագործվում են Ադրբեջանի բնակչությանը շեղելու համար այլ խնդիրներից:

…Այս բոլոր հայերը՝ Ռուբեն Վարդանյանը և Լեռնային Ղարաբաղի 15 այլ նախկին ղեկավարներ, մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանց դեմ առաջադրվում են ամենալուրջ մեղադրանքները: Սա նշանակում է, որ եթե մեղավոր ճանաչվեն, նրանք իրենց կյանքը բանտում կանցկացնեն»,- նշել է Ռեյհան Դեմիտրին:

Տեսանյութեր

Լրահոս