
Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Ֆրանսիան ծրագրում է առաջիկա ամիսների ընթացքում ճանաչել Պաղեստին Պետությունը, և այդ քայլը, հնարավոր է, կատարի հունիսին Նյու Յորքում կայանալիք իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ։
Այս մասին France 5 հեռուստաալիքին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք պետք է շարժվենք դեպի ճանաչում, և դա կանենք առաջիկա ամիսներին, – նշել է Մակրոնը։
– Մեր նպատակն է նախագահել այս համաժողովը Սաուդյան Արաբիայի հետ հունիսին, որտեղ մենք կարող ենք ավարտին հասցնել մի քանի կողմերի կողմից (պաղեստինյան պետության) փոխադարձ ճանաչման այս շարժումը»։
«Ես կանեմ դա, քանի որ կարծում եմ, որ ինչ-որ պահի դա ճիշտ կլինի, և որովհետև ես նաև ցանկանում եմ մասնակցել հավաքական դինամիկային, որը նաև պետք է թույլ տա բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Պաղեստինը, հերթով ճանաչել Իսրայելը, ինչը նրանցից շատերը չեն անում», – ավելացրել է նա:
Մակրոնի խոսքով՝ նման ճանաչումը Ֆրանսիային թույլ կտա «մեր պայքարում հստակ լինել նրանց դեմ, ովքեր ժխտում են Իսրայելի գոյության իրավունքը՝ նկատի ունենալով Իրանին, և պարտավորվել ապահովել տարածաշրջանում հավաքական անվտանգությունը»։
Մակրոնի մեկնաբանություններն անմիջապես ողջունել է Պաղեստինի Ինքնավարությունը՝ որակելով այն որպես «քայլ ճիշտ ուղղությամբ»:
«Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչումը «կլինի ճիշտ ուղղությամբ քայլ՝ ուղղված Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և երկու պետությունների (Իսրայել, Պաղեստին) հարաբերությունների կարգավորմանը», – AFP-ին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթողների պետնախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը:
Ավելի վաղ Եգիպտոսում Էմանուել Մակրոնը եռակողմ գագաթնաժողովի ընթացքում բանակցություններ է վարել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, որի ընթացքում նրանք ընդգծել են պաղեստինյան անկլավին հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, կոչ են արել անհապաղ վերականգնել Գազայի հատվածում հրադադարը և իրականացնել հունվարի 19-ին ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի անվտանգության երաշխիքը։