Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ ֆոն դեր Լայենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարօրինակ է համարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որով հույս էր հայտնել, որ «Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործության համար»։

Ալիևի խոսքով՝ այս ամենի հետ Եվրոպան կապ չունի։

«Ես զարմացա, երբ տեղեկացա Ուզբեկստանում Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ արված Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեկնաբանությունների մասին, երբ նա խոսում էր Ադրբեջանի և Հայաստանի և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքին կամ ինչպես Եվրոպայում են անվանում՝ Գլոբալ դարպասին նպաստելու համար»,- ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ դա «շատ տարօրինակ էր, քանի որ այդ միջանցքը կա, և Հայաստանը դրանում որևէ դեր չի խաղում»:

«Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի չինովնիկների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց քարտեզը չի կարելի անտեսել։ Եվ հենց մենք՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ստեղծեցինք այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր Եվրոպային թույլ է տալիս շփվել Կենտրոնական Ասիայի հետ՝ վրացական ծովային նավահանգիստները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ադրբեջանական նավահանգիստը Ալյաթում, Կասպյան նավագնացության ընկերությունը, որն առանցքային նշանակություն ունի փոխադրումների համար։ Այս ամենն անտեսվում է, բայց որքան գումար է ներդրվել։

Այս ամենը անտեսվում է։ Մենք միայն կոչեր ենք լսում՝ բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան սրա հետ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չէ։ Որքան Եվրամիությունը հեռու լինի այս հարցերից, այնքան լավ բոլորի համար»,- հայտարարել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր. «Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի առավել, քան երբևէ»։

Տեսանյութեր

Լրահոս