
«Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում». Տիգրան Դադունց
Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել:
«Ունենք հանձնարարական, որ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի: Ինչո՞ւ ոչ հայեցակարգ, այլ միանգամից Սահմանադրություն, որովհետև ժամկետի խնդիր ունենք, երկրորդ՝ հայեցակարգի վրա շատ երկար աշխատանք տարվել է վերջին 2-3 տարիների ընթացքում, ունենք հայեցակարգային փաստաթուղթ: Գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին, իրենք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել, և նորից թեմա առ թեմա, գլուխ առ գլուխ կարողանալու ենք իրենց հետ քննարկել»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված շտապողականությունը, նա պատասխանեց. «Մինչև 2026թ. վերջ պետք է Սահմանադրության տեքստի նախագիծը լիներ, հիմա դա ենք անում: Կարծում եմ՝ քննարկումները կարող են բերել նրան, որ 2026թ. գոնե կեսերին ունենանք այս կամ այն չափով վերջնական փաստաթուղթ: Շտապողականություն չկա»:
Նա շեշտեց՝ այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:
«Եթե իրավական տեսանկյունից ենք նայում, ՍԴ-ն իր վերջին որոշման մեջ հարցին պատասխան տվել է՝ նշելով, որ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահմանադրության մեկնաբանությանն ու կիրառությանը: Ճիշտ չեմ համարի մեկնաբանել վարչապետի խոսքերը, բայց կարծում եմ՝ խոսքն այն մասին է, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից՝ իր ընդունման լեգիտիմության առումով»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում