ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալներին օրական 998 դոլարով կտուգանի երկիրը լքելուց հրաժարվելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին տուգանել օրական մինչև 998 դոլարով՝ արտաքսման մասին որոշումն ստանալուց հետո երկիրը լքելուց հրաժարվելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը։

Գործակալության հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Թրիշա Մաքլաֆլինը գրավոր հայտարարություն է արել՝ նշելով, որ միգրանտները, որոնք անօրինականորեն են գտնվում ԱՄՆ-ում, պետք է օգտվեն CBP Home բջջային հավելվածից, որպեսզի «իրենք իրենց արտաքսեն և հեռանան երկրից հիմա»։

«Եթե նրանք դա չանեն, ապա կբախվեն հետևանքների: Սա ներառում է օրական 998 դոլարի չափով տուգանք յուրաքանչյուր օրվա համար, որի ընթացքում անօրինական միգրանտն ուշացնում է արտաքսման վերջնական հրամանի կատարումը», – ասել է պաշտոնյան։

Բացի այդ, ԱՄՆ իշխանություններն ուսումնասիրում են տուգանքները վճարելուց հրաժարվող միգրանտների ունեցվածքը բռնագրավելու հնարավորությունը: Reuters-ի աղբյուրներից մեկն ասել է, որ իշխանությունները պլանավորում են տույժերը կիրառել հետին թվով՝ անցած հինգ տարվա համար, ինչը կարող է հանգեցնել ավելի քան 1 միլիոն դոլար հնարավոր տուգանքի։

Պատիժը նախատեսված է 1996 թվականի օրենքով, որն առաջին անգամ կիրառվել է 2018 թվականին Թրամփի նախագահության առաջին ժամկետում: Ավելի ուշ՝ 2021 թվականին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել էր այդ կարգադրությունը:

Թրամփը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության խստացման օգտին։ Հունվարի 20-ին նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն սահմանելու մասին։ Ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ նրանց թույլ տալով անօրինական ներգաղթյալներին արտաքսել, այսպես կոչված, արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց միգրացիոն դատարանի որոշման։ Ներքին անվտանգության նախարարությունում The New York Post թերթի աղբյուրի տվյալներով՝ ավելի քան 100 հազար մարդ է վտարվել երկրից Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:

Տեսանյութեր

Լրահոս