Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ:

Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի առջեւ ծառացած կարեւոր մարտահրավերների վերաբերյալ:

Դրանք միանշանակ պաշտպանում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումների, հայ ռազմագերիների եւ պահվող անձանց ազատ արձակելու հրատապ անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտության եւ այլ հարցերում՝ ցույց տալով հավատարմությունը համամարդկային արժեքներին` արդարություն, անվտանգություն, խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը, որը կծառայի ինչպես քաղաքացիների երկկողմ տեղաշարժի, սոցիալ-մշակութային, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտան հետաքրքրվել է Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակով, ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի:

Նա օժանդակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանն ուղղված ջանքերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը  եւ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս