«Ռոճիկի դիմաց հայրենիքից հրաժարվողներ են. Աշոտյանի դռան մոտ «welcome»-ի տեղն ընկած էին». Հենրիխ Դանիելյան

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանի կարծիքով՝ Գյումրիի և Փարաքարի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ գործող իշխանությունների նկատմամբ կա տոտալ անվստահություն:

«Մարդիկ վախենում են, որ Հայաստանը կարող է հայտնվել Արցախի իրավիճակում, որովհետև ցավոք, այսօր բոլոր նախադրյալները կան, որևէ կանխարգելիչ գործողություն չի արվում իշխանությունների կողմից: Ժողովուրդը չի վստահում այս իշխանություններին և մեծ վախեր ունի անվտանգության առումով, որովհետև այս իշխանությունները չեն ապահովում մեր երկրի անվտանգությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գյումրիում հավաքական ընդդիմությունը մեծամասնություն է հավաքել, բայց այս պահին Մարտուն Գրիգորյանի որոշումից է շատ բան կախված, իսկ նա միայն վստահեցրել է, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենա: Այս օրերին որոշ շրջանակներ այն թեզն են գեներացնում, որ Սերժ Սարգսյանը պետք է ուղղորդի Մարտուն Գրիգորյանին՝ որոշում կայացնելու հարցում: Իշխանություններն էլ ասում են, որ Մարտուն Գրիգորյանի հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած, իսկ Վարդան Ղուկասյանի հետևում՝ Ռոբերտ Քոչարյանը, և նրանք փորձում են իրենց գծած սցենարով տանել պրոցեսները, ու հիմա բոլորը սպասում են ոչ թե Մարտուն Գրիգորյանի, այլ Սերժ Սարգսյանի որոշմանը:

Հենրիխ Դանիելյանը ցավում է, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշ թիմակիցների և իշխանականների կարծիքներն ու խոսույթը սկսել են նմանվել. «Երկուսն էլ նույն թեզն են առաջ տանում՝ ասելով, որ սա, կոպիտ ասած, Երրորդ նախագահի պրոյեկտն է: Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀԿ-ն իր դեմքով մասնակցել է համապետական ընտրություններին: Մենք որևէ խնդիր չունենք այլ թեկնածուներ բերելու և նրանց հետևում թաքնվելու: Մենք հայտարարել ենք, որ ՀՀԿ-ն չի մասնակցում Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Էլ ո՞նց պետք է հայտարարենք, որ պարզ լինի՝ մենք չենք մասնակցում: Հիմա, դուք կարող եք այդ 9 թեկնածուների մեջ էլի մարդ գտնել, որ մեզ հետ ինչ-որ ձևով կապ ունենա, դա նշանակում է, որ մենք ենք իրեն օգնո՞ւմ:

Կարդացեք նաև

Մենք չենք հրաժարվում, որ պառլամենտական գործունեության շրջանակներում Մարտուն Գրիգորյանը մեր գործընկերն է, բայց կուսակցական գաղափարախոսության, ռազմավարության ներքո Մարտուն Գրիգորյանը որևէ կերպ ՀՀԿ-ի և Երրորդ նախագահի հետ կապ չունի: Հիմա, ես ուրախանում եմ, որ Վոլոդյան հաղթել է Փարաքարում, ես նրան ոչ մի անգամ չեմ տեսել, չենք շփվել, բայց ես ուրախ եմ. Սա նշանակում է, որ մենք ենք Վոլոդյային օգնե՞լ: Սա աբսուրդ է: Իրենք ինչ-որ մարդիկ են ման գալիս՝ ով է բերել Նիկոլին, հետո իրենք իրենց են գտնում այդ փնտրտուքի մեջ, հիմա այլ բան չեն կարողանում ասե՞լ: Մարտուն Գրիգորյանի դուռը թակեք, հարցրեք՝ ընտրելո՞ւ եք Վարդան Ղուկասյանին»:

Նա շեշտեց, որ եթե ՀՀԿ-ն թեկնածու ունենար Գյումրիում, ապա նա իր ձայնը կտար ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին. «Ես սա երաշխավորում եմ: ՀՀԿ-ն երբեք կռիվ չի արել պաշտոնի համար»:

Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ իշխանությունների մոտ պանիկա է, որովհետև կարծում էին՝ անհաղթ են, բայց պարտվել են ընտրություններում. «Այդքան վարչական ռեսուրս օգտագործելու, 75-ամյա կին ձերբակալելու, մարդկանց տուն մտնելու, հայր և որդի կալանավորելու կեղտոտ արշավից հետո անգամ իրենք պարտվել են ընտրություններում: ՔՊ-ի մոտ ցուգցվանգ վիճակ է, հասկանում են, որ իրենց բոլոր քայլերն իրենց դեմ են լինելու: Կա երկրորդ խնդիրը՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող որոշ մարդկանց մոտ ոնց որ կյանքի երազանք լինի, որ Մարտուն Գրիգորյանը չընտրի Վարդան Ղուկասյանին:

Մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, և գա ազգային գաղափարախոսության շուրջ ձևավորված ուժ: Մենք կռիվ չենք անում ընդդիմադրի տիտղոսի համար, մենք կռիվ ենք անում, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության չլինի: Բայց ընդդիմության մեջ, ցավոք սրտի, միակողմանի հարձակումներն ու մեր կողմից պատասխանները շարունակվում են: Ես ժողովրդից ներողություն եմ խնդրում, իրենց դա դուր չի գալիս, ժողովուրդն ասում է՝ արդյո՞ք այլ բան չկա անելու: Ժողովուրդն այս պրոցեսը համարում է անօգուտ, և իրականում ինքն օգուտ չտվող գործընթաց է»:

Նա նշեց, որ ընդդիմադիր շարժումները ձախողել են բամբասանքների պատճառով. «Ո՞նց կարող ենք մարդկանց հետ հեռացնել մի մարդու, ովքեր ասում են, որ իրեն մենք ենք բերել: Թափթփուկներ կան, որոնք ասում են՝ Փաշինյանին ՀՀԿ-ն է բերել, բայց հարցազրույցներում նշում են, թե Սերժ Սարգսյանն այս ամենն անում է, որ իր վրա քրեական գործ չհարուցեն: Եթե Փաշինյանին մենք ենք բերել, ապա էլ ի՞նչ քրեական գործից վախենալու մասին եք խոսում: Սրանք այսպիսի աբսուրդային մտքեր են հայտնում: Դրանք ռոճիկի դիմաց հայրենիքից հրաժարվող կերպարներ են, որովհետև այսօր խոսում են մի բան, իսկ երբ Արմեն Աշոտյանը նստած չէր, նրա դռան դեմը «welcome»-ի տեղն ընկած էին, որ ներս մտնեին»:

Նա կրկնեց, որ իշխանությունների մոտ ցուգցվանգի վիճակ է. «Բոլոր հաջորդ քայլերը բերելու են մատի: Որ քայլն էլ անեն՝ պարտվելու են: Փաշինյանի մոտ այդ տրամաբանությամբ է շախմատային դաշտը դասավորված: Փաշինյանի համար բոլոր հաջորդ քայլերը պարտություն են: Վիլեն Գաբրիելյանը որ ասում էր՝ 2026թ., միակ թեզն է, որ ՔՊ-ի հետ կարելի է համաձայնել, որ իրենք մինչև 2026թ. անգամ շատ հավանական է, որ այլևս չլինեն իշխանության»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս