Հուսով եմ` ներկայիս վարչախումբը դատարանի միջոցով չի կարող ազդել ընտրությունների վրա. Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամների նկատմամբ կիրառված ձերբակալություններն ու վարչական հսկողությունները կվերացվեն։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ Հարությունյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի, ինչպես նաև դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի փաստաբանն է։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը։ Նույն օրը Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվեցին։

Մարտի 28-ին` վաղ առավոտյան, հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու` քննչական մարմնի միջնորդությունը: Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

«Դրական ակնկալիք ունենք։ Հուսամ, որ կհաջողվի ու ազատ կարձակվեն բոլոր ձերբակալվածները, ինչպես դա եղավ գիշերվա նիստի ժամանակ։ Սա ընտրությունների շեմին շինծու և արհեստական գործ է, որով գործով վարչախումբը ցանկանում է ճնշել, բայց չի հաջողվի։ Վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրն էլ ազատության մեջ կլինի, նրան կալանավորելու հիմք չկա, մեղադրանքը ծիծաղելի է»,– ըստ ՍպուտնիկԱրմնիայի՝ ասաց փաստաբանը։

Նա շեշտեց, որ նախկինում էլ ընտրություններից առաջ նմանատիպ դեպքեր են եղել Վանաձորում, Վարդենիսում և այլ բնակավայրերում։

Խոսելով վարչական հսկողություն սահմանելու մասին` Հարությունյանը նշեց, որ օրինակ Մարտուն Գրիգորյանի աջակիցներից մեկի նկատմամբ ցանկանում են այդ հսկողությունը կիրառել` արգելելով առհասարակ շփվել որևէ մեկի հետ` բացառությամբ փաստաբանի և ընտանիքի անդամների։ Փաստաբանը շեշտեց, որ դա տնային կալանքին հավասարազոր է, քանի որ անձը նույնիսկ խանութում չէր կարող աշխատակցի հետ խոսել կամ դրսում որևէ մեկին բարևել, ինչն անտրամաբանական է։

«Քննիչի միջնորդությունը բավարարելը կնշանակի քաղաքական և կենսական այլ իրավունքների սահմանափակում։ Քննիչին հարցրի` այդ անձն ինչպես պետք է ընտրություններին քվեարկության գնա, ինձ ասաց, որ կարող են բերել, տանը քվեարկի։ Սա անտրամաբանական է»,- ասաց Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս