ՀՀ իշխանությունները շարունակում են Թրամփի ադմինիստրացիայի հետ կոնտակտներ փնտրել․ ինչի՞ կհանգեցնեն այդ ջանքերը

ՀՀ իշխանությունները շարունակում են Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կոնտակտներ հաստատելու քաղաքականությունը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, որը փետրվարի սկզբին Սպիտակ տանը հաջողացրել էր հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ «Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները»,- ասված էր հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Պետքարտուղարության հաղորդագրությունում էլ ասվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է»,- ասվում է ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին, քննարկել անվտանգության ու առևտրի ոլորտի կարևոր հարցեր։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։

Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի կապակցությամբ։ Ավելի վաղ արևմտյան և թուրքական ԶԼՄ-ները գրում էին, որ այս այցը միտված է Էրդողան-Թրամփ հանդիպման կազմակերպմանը, որի ընթացքում Էրդողանը ձգտում է ընդգծել Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։

Վերջին շրջանում Թրամփի արտաքին քաղաքական թիմի ներկայացուցիչները սկսում են անդրադառնալ հարավկովկասյան հարցերին, պայմանավորված Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի համաձայնեցմամբ։ Վերջերս իր X-ի միկրոբլոգի էջում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում էր արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ավարտին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի:

«Այս շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել Խաղաղության պայմանագիր կնքել: Ես ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,- գրել էր նա:

Իսկ դրանից օրեր անց ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը շատ հպանցիկ անդրադարձել էր նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը: «Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչո՞ւ պիտի իմ ժամանակը ծախսեմ, կամ, որ ավելի վատ է՝ Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ: Ինչո՞ւ պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ մի հակամարտություն ավարտել երկխոսությամբ, բայց արդյունքում չկարողանանք անել դա: Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավվում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում՝ մենք սա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող: Ընդ որում՝ այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին ու ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին»,- ասել էր Ուիթքոֆը:

Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները փորձում են ԱՄՆ նոր իշխանությունների հետ կապեր հաստատել, և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հերթականն է։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ի հետ այդ հարաբերությունների խորությունն ու որակը պայմանավորված է լինելու ոչ միայն ՀՀ քայլերով, այլև ԱՄՆ այդ վարչակազմի առաջնահերթություններով, քաղաքականությամբ ու շահերով։

Նրա կարծիքով, պետքարտուղար Ռուբիոն Հարավային Կովկասում չի վարելու այնպիսի քաղաքականություն, ինչպես Բլինքենի պետքարտուղարությունը։ Մյուս կողմից, նա գտնում է, որ հարաբերությունների ռազմավարական որոշակի իմաստը կպահպանվի, սակայն ամենայն հավանականությամբ չի լինի ջանքերի այն ինտենսիվությունը, որն ակնկալում է հայկական կողմը։

«Տեսնում ենք, որ պետքարտուղար Ռուբիոն հարավկովկասյան ռեգիոնում տիրող իրավիճակն արդեն քանիերորդ անգամ քննարկում է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ՝ ռեգիոնում որպես նման գործառույթ իրականացնող ուժ դիտարկելով Թուրքիային։ Չնախաձեռնելով անձամբ միջնորդական ջանքեր՝ ԱՄՆ-ը ռեգիոնալ խնդիրները քննարկում է Թուրքիայի հետ և նրան է վերապահում ռեգիոնալ խնդիրները կարգավորողի դերակատարությունը։ Սա կարող է փոխվել, ըստ ադմինիստրացիայի հետագա որոշումների, քանի որ Թրամփի արտաքին քաղաքական թիմի հիմնական ուղղությունը ներկայումս բանակցություններն են Ուկրաինայի շուրջ և դրանից բխող մնացած բոլոր ռեգիոններն ու հարցերը»,- ասաց Արեշևը։

Նա գտնում է, որ այս թեմայով ամերիկացի տարբեր դիվանագետներ արտահայտվում են, և նրանց անդրադարձները ցույց են տալիս, որ նրանք դեռ հստակ դիրքորոշում չունեն և փորձում են հասկանալ իրավիճակը։ «Այս պահի դրությամբ, նկատելի է, որ չկա միջնորդական ջանքեր ծավալելու մտադրություն, թեև ՀՀ-ն դա կցանկանար, և ՀՀ շփումների ձգտումը ԱՄՆ նոր վարչակազմի հետ միտված է ԱՄՆ-ի ներգրավվածության պահպանմանը Հարավային Կովկասում»,- ասաց Արեշևը։

Իր հերթին՝ վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ հարաբերությունների ապագան պայմանավորված է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի ջանքերով։ Ըստ նրա, ամերիկյան նոր քաղաքականության վերաբերյալ, այն էլ՝ Հարավային Կովկասում, նույնիսկ ներկայումս հնարավոր չէ վերջնական մոտեցումներ արտահայտել։ Խնդիրը, նրա կարծիքով, այն է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անդրադառնալու են մնացած բոլոր ռեգիոնների վրա՝ ՌԴ ազդեցությունը մեծացնելու հեռանկարով։

«Արդյո՞ք դա նման տեսքով բխում է ԱՄՆ այս վարչակազմի շահերից։ Այս վարչակազմն այլ կերպ է պատկերացնում ամերիկյան արտաքին քաղաքական շահերի ու ազդեցության իրացումը, սակայն իրավիճակները ստիպում են վերադիրքավորվել, հատկապես, երբ ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամեն դեպքում ցանկանում է պահպանել ամերիկյան դիրքերն աշխարհում։ Ուստի, կարծում եմ, դեռ վաղ է ասել, թե ինչպես կձևավորվի այդ քաղաքականությունը մեր ռեգիոնում, քանի որ այն դեռ իր սկզբնական փուլում է»,- ասաց նա։

Գոգոլաշվիլին չի բացառում, որ ԱՄՆ-ը նախաձեռնություններով հանդես գա ռեգիոնալ իրավիճակների զարգացման բերումով։

«Ի սկզբանե մեր ռեգիոնի հարցերը եղել են Պետքարտուղարության շփումների օրակարգում, ինչն արդեն կարևոր է, սակայն կա հերթականության ու առաջնահերթությունների խնդիր»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս