
Այժմ ընտանիքը, երբ ապրիլից ստանա 80.000 դրամ, վարձավճարն ինչպե՞ս վճարի, թե՞ պետք է դառնա անտուն ու արտագաղթի․ Թադևոս Ավետիսյան

Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50.000-ական դրամի աջակցության ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղից բռնահանված մեր հայրենակիցներից շատերը սա համարում են իշխանությունների կողմից արտագաղթելու ուղիղ կոչ։
Ի դեպ, մարտի 29-ին արցախցիները նախատեսում են այս հարցը նաև բողոքի ակցիայի ընթացքում բարձրաձայնել․ այդ մասին հայտարարել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը»։
Թեմայի առնչությամբ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցեր ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Այս տարվա առաջին երեք ամիսներին՝ հունվար-մարտ ամիսներին, սոցիալական աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար նախատեսված է 50 հազար դրամ, հաջորդ եռամսյակին՝ ապրիլից հունիս, դուք այդ աջակցությունն էապես նվազեցնում եք,- նշեց պատգամավորը՝ հստակեցնելով, որ, օրինակ, 2 չափահասով 4 հոգանոց ընտանիքի պարագայում եթե այդ գումարը մինչև ապրիլ կազմում է 200.000 դրամ, ապա ապրիլից սկսած՝ 80.000 դրամ,- Որովհետև բացի չափի նվազումը, դուք նաև ընտանիքի չափահաս անդամներին էլ աջակցություն չեք տրամադրում, որովհետև այն միայն 63-ից բարձր տարեցների, հաշմանդամություն ունեցողների ու երեխաների համար է։ Տարվա երկրորդ կեսին էլ նախատեսում եք, որ այդ 40.000 դրամ աջակցությունը կդառնա 30.000 դրամ»։
Թադևոս Ավետիսյանը սա անհասկանալի է համարում՝ նկատելով, որ այդ աջակցության նպատակը՝ ժամանակավորապես բնակարանային ապահովման իրականացումը, իրականություն չի դարձել, իսկ «մարդիկ տնավեր են եղել»։
«Այժմ այդ չորսհոգանոց ընտանիքը պայմանական ու առարկայական, երբ ապրիլից ստանա 80.000 դրամ, այդ վարձավճարն ինչպե՞ս վճարի, թե՞ պետք է դառնա անտուն ու արտագաղթի։
Նարեկ Մկրտչյանն արձագանքելով՝ այս փոփոխության պատճառների մասին իր դիտարկումներում մասնավորապես նկատեց՝ նպատակը երկարաժամկետ ներառական ծրագրին՝ բնակարանային ապահովությանը զարկ տալն է։
«Սա նշանակում է՝ երբ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց այս վարձավճարի, կեցության համար ծրագրից, մենք նաև արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Երբ դուք բերում եք 4 հոգանոց ընտանիքի օրինակը, 4 հոգանոց ընտանիքի՝ կոնկրետ բնակարանային ապահովության հետ կապված՝ մենք առաջարկում ենք մինչև 20 միլիոն դրամ, կա ցանկը 400 և ավել համայնքներում, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել և պայմանները։ Շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրերից օգտվել։
Եվ երբ այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք, որ այդ աջակցության նվազեցմամբ կոնկրետ ուղերձ ենք հղում՝ պետք է գնան և դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու, բայց սա չի նշանակում, որ դրան զուգահեռ՝ մենք չենք դիտարկելու թիրախային խմբերին աջակցելու հարցը»,- նշեց նախարարը՝ վստահեցնելով, որ առանձին թիրախային խմբերին նախատեսում են կոնկրետ աջակցություն տրամադրել, և այդ մասին հարցն անգամ հանրային քննարկման է դրվել։
Ի դեպ, իշխանական պաշտոնյան նաև տեղեկացրեց՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 25 հազար քաղաքացի արդեն զբաղված է։
Թադևոս Ավետիսյանը հակադարձեց՝ ասելով․ «Դուք խնդիրը չեք լուծել․ երբ մեկ-մեկ ժամանակ գտնեք, դուրս գաք, հարցնեք, դուք էլ այցելեք, կամ՝ էդ մարդիկ կարող է շուտով հավաքվեն, մի հատ գնանք էդ մարդկանց հարցնենք․․․ Խնդիրը կա, այս ծրագիրը դեռ իր համար մշտական տանիք չի ապահովել, հիմա երբ դուք այդ մարդկանց 200 հազարը դարձնում եք 80.000, էդ մարդը վարձավճար տալու խնդիր է ունենալու։ Ասում եք՝ սա ենք անում, նա ենք անում․ կոնկրետ խնդիր է՝ չեք լուծել։ Ասում եք՝ կապ չունի՝ լուծե՞լ ենք, թե՞ չէ, մենք 2,5 անգամ նվազեցնելու ենք աջակցությունը»։