
Վարորդների և բեռնատարների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն․ Արաղչի
Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողների համար պարզեցումներ սահմանելու առաջարկ է քննարկվում, որը ներառում է նաև մաքսային տուրքերը։ Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվել է սահմանին հայկական բեռնատարների վարորդների համար դիզվառելիքի թանկացման հարցը։
«Վարորդների և բեռնատարների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն, որ բեռնափոխադրումների ուղղությամբ կապերը զարգանան երկու երկրների միջև։ Այդ ուղղությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, և մենք էլ հանձնարարել ենք հետամուտ լինել այդ մանր խնդիրների լուծմանը»,- ասաց Արաղչին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ քննարկումների հարցում մոտ են վերջնականացմանը, դրանից հետո կհրապարակեն արդյունքները։
«Աշխատանքներ այդ ուղղությամբ տարվել են, փորձագիտական կողմն այդ ուղղությամբ աշխատել է, մոտավորոապես ունենք բանաձև»,- ասաց Միրզոյանը։