Անդրանիկ Քոչարյանի պահվածքը շատ վատ եմ գնահատում, իր հետ խոսել եմ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը «վատ, շատ վատ» է վերաբերվում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դրսևորած պահվածքին։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Հռիփսիմե Ջեբեջյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով լրագրողները պահանջում են նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, Սիմոնյանը պատասխանեց.

«Ես ծանոթ չեմ այդ թղթին, երբ խմբակցությունը կքննարկի, կպատասխանեմ այդ հարցին», -ասաց Սիմոնյանը՝ հավելելով, թե շատ վատ է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի պահվածքին։

ԱԺ նախագահն ասաց, թե միջադեպի օրը Հայաստանում չի եղել, սակայն զանգահարել է Անդրանիկ Քոչարյանին, խոսել հետը, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է լրագրողից ներողություն խնդրելու, Ալեն Սիմոնյանն ասաց, թե այդ հարցը պետք է Անդրանիկ Քոչարյանին տալ։

«Տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որից հանրությունը և լրագրողները դժգոհություն են ունեցել, ես ներողություն եմ խնդրել։ Համարում եմ, որ դրանով էլ ավելի ուժեղացել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, ուժեղանում է»,-ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։

Տեսանյութեր

Լրահոս