Երբ ՌԴ-ն մեզ «քցում» է՝ բարձրաձայնում ենք, բայց սա չի նշանակում, որ մեր կապերը պիտի խզենք. Սիմոնյան

ՀՀ-ն իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, կամ երբ ինչ-որ բանի հետ համաձայն չէ, բարձրաձայնում է այդ մասին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ, ջերմացում կա՞։

«Երբ իրեն խաբում են, «քցում են», Հայաստանը դա արձանագրում և բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Մենք երբևիցե չենք հայտարարել, թե աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունները, և նույնը վերաբերում է Ռուսաստանին»,- ասաց Սիմոնյանը։

Պատասխանելով հարցին, թե երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազում է նկատվո՞ւմ, Սիմոնյանն ասաց. «Հո չե՞նք կարող անընդհատ լարվածության մասին խոսել կամ լարվածությունը պահել»։

Նրա խոսքով՝ որոշումները կայացվում են և խոսույթն էլ ձևավորվում է ըստ իրավիճակի։

2020-2024թթ․ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ըստ Սիմոնյանի, հայկական կողմի ունեցած դիրքորոշումը նույնն է մնացել։

«Կար խնդիր, կային հարցադրումներ, որոնք արվել են և շարունակելու են արվել։ Այն գնահատականները, որ կողքից հնչում են՝ ըհը՜ն, վեկտորը փոխեցին, իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքը վերանայելուն, ԱԺ նախագահն այս պահին դա այնքան էլ իրատեսական չի համարում, կարծում է՝ դեռ «ՀԱՊԿ-ը պետք է ինքն իրեն վերանայի»։

Տեսանյութեր

Լրահոս