Մեր հարևանների ազգությունը տալով ուզում ենք վիրավորել, բայց դա ընդամենն ազգություն է. Ալեն Սիմոնյան

Մարտի 19-ի Երևանի ավագանու նիստում Տիգրան Ավինյանին խիստ զայրացրել էին ընդդիմության այն մեղադրանքները, թե քաղաքապետարանը վատ է աշխատում և, դիմելով ընդդիմադիրներին, նա ասել էր, որ նրանք որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից, միևնույնն է՝  անհնար է, մարդիկ էլ «փափախով քուրդ չեն»։

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանից պահանջեց ներողություն խնդրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վիրավորական արտահայտության համար։

«Որպես ԱԺ նախագահ` ձեզնից ակնկալում եմ դիրքորոշում և դատապարտող խոսքեր, քանի որ խորհրդարանում կան նաև քուրդ և եզդի համայնքների ներկայացուցիչներ»,– ասաց Մանուկյանը։

Ալեն Սիմոնյանը, սակայն, փորձեց պաշտպանել Ավինյանին՝ ասելով, որ մեր խոսակցականում կան արտահայտություններ, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում, այսինքն՝ ասացվածք է, որի նպատակն ամենևին էլ որևէ մեկին կամ որևէ ազգին վիրավորելը, տարանջատելը չէ։

«Մենք հաճախ, մեր հարևան ազգությունների անվանումներն ասելով, փորձում ենք միմյանց վիրավորել, այն պարագայում, երբ դա ընդամենը ազգության անվանում է։ Ուստի, ես համոզված եմ, որ պարոն Ավինյանը որևիցե մեկին վիրավորելու նպատակի չի ունեցել։ Ես դրա մեջ ավելի քան վստահ եմ»,- Ավինյանին փորձեց արդարացնել Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ ասելով, որ նման թևավոր արտահայտություններից կարող ենք հիշել նաև «անաղուհաց քրդի շունը», սակայն, միևնույնն է՝ չի կարելի նման արտահայտություններին հղում տալ ու վիրավորել մարդկանց։

«Ես բոլորիս անունից ներողություն եմ հայցում մեր քուրդ եղբայրներից ու քույրերից, քանի որ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերի վիրավորելը»,- հայտարարեց նա։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե Մանուկյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում սեռական բնույթի հայհոյանք էր գրել «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրողների հասցեին, և դա միակ դեպքը չէր։

«Եթե ցանկանում եք ներողություն խնդրել, այդ ցանկը շատ մեծ է, կարող եք գրանցվել ու մոտավորապես մի 10 րոպե տարբեր բաների համար ներողություն խնդրել»,- հեգնեց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս