«Ռուսները հասկանում են՝ Ադրբեջանի պատրաստած բարաթն իրենց է առնչվելու». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն «իրական Հայաստանի» հավաքականն է:

«Ինչպիսին երկիրն է, այդպիսին էլ իր հավաքականն է: Առհասարակ, պրոֆեսիոնալ սպորտը համակարգային մոտեցում է պահանջում, այսինքն՝ հազվադեպ է լինում, որ մեր տիպի կառավարման որակ ունեցող երկրները որևէ արդյունքի են հասնում: Այս տեսակետից, այն, ինչ տեսանք երեկ՝ Թբիլիսիում, և մի քանի օր առաջ՝ Երևանում, դա իսկապես այսօրվա պետության և հասարակության պատկերն է, «իրական Հայաստանի» պատկերն է, որտեղ պարտությունը համարվում է ձեռքբերում, մեծ նվաճումներից մեկը: Այդ պարտությունից հետո մի բան հնարվում է, թե հանուն ինչի մենք պարտվեցինք: Տվյալ դեպքում, ես չեմ բացառում, որ այս իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն ասի՝ մենք պարտվեցինք հանուն նրա, որ, օրինակ՝ մեր հարևանների հետ շատ լավ հարաբերություններ ունենանք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ քաղտեխնոլոգի՝ ավելի լայն համատեքստում գործող իշխանությունների պարտությունները գիտակցված և ընտրված են. «Դրանց տակ դնում են «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ այն, ինչ իր կամ գուցե բոլորիս պատկերացմամբ առնչվում է պատմական Հայաստանի հետ, ապա ինքն ամեն ինչ կարող է զիջել հանուն այդ «իրական Հայաստանի»: Այսինքն՝ լրիվ ոչնչացնել իր նախանշած «պատմական Հայաստանը»՝ հանուն իր «իրական Հայաստանը» ստանալու»: Այդ «իրական Հայաստանը» ոչ մի առնչություն չունի Հայաստանի հետ, որովհետև դրա կոնցեպտը հային վերաձևավորելն է մի կոսմոպոլիտ, ամորֆ սուբստանցիայի, ավելին ասեմ՝ բիոմասսայի, որը պետք է ապրի հանուն նրա, որ, ինչպես ասում են՝ փորը կուշտ լինի, տակը՝ չոր: Դա բարձրագույն արժեքն է «իրական Հայաստանում»: «Իրական Հայաստանը» կոնկրետ սահմաններ չունի, որովհետև նույնիսկ այն կարտոնի կտորը, որը հետը ման էր տալիս և համարում «իրական Հայաստան», պայմանական է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանները որոշում է Իլհամ Ալիևը:

Հիշեք Փաշինյանի հայտնի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, երբ դիմել էր Ադրբեջանին և ասում էր՝ ի վերջո, կարո՞ղ եք ասել՝ Հայաստանի սահմանները քանի՞ կիլոմետր է: Իրենք քառակուսի կիլոմետրերով ճանաչեցին Ադրբեջանի տարածքը, Ադրբեջանը նման հայտարարություն չի արել: Ավելին, Ադրբեջանը չի էլ ասել, որ ինքը ճանաչում է Փաշինյանի պատկերացրած Հայաստանի տարածքը»:

Կարդացեք նաև

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Փաշինյանն այնքան պրիմիտիվ է, որ հավատա, որ եթե անգամ որևէ թուղթ ստորագրվի, ապա դա երաշխավորելու է խաղաղություն.

«Խաղաղություն լինում է միայն իրական ուժային բալանսի պարագայում, կամ, եթե նույնիսկ այդ ուժային բալանսը երկուսի միջև հնարավոր չէ շատ մոտեցնել, ապա հենց դրա համար էլ գոյություն ունեն դաշնակիցներ, դիվանագիտություն: Փաշինյանը սա շատ լավ հասկանում է, ուղղակի խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր անվանումն ունեցող որևէ փաստաթուղթ իրեն պետք է զուտ իր ներքին քաղաքական հեռանկարների համար:

Ադրբեջանն այդ 17 կետանոց փաստաթուղթը դիտարկում է որպես նախապայման՝ իրական բանակցություններից առաջ: Այդ 17 կետը «բարև ձեզն» էր, իրական թեմաների մասին Ադրբեջանն անընդհատ ազդարարում է: Փաշինյանն արդեն բավարարում է այդ պահանջները, որովհետև Սահմանադրության փոփոխման պահանջը կարծես թե կյանքի է կոչում: Ադրբեջանն այնպիսի թեմաներ է բարձրացնում, որ շատ լավ հասկանում է՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ ցանկության դեպքում չի կարող 1-2 ամսվա մեջ անել: Սա էլ է հուշում, որ Ադրբեջանի համար Հայաստանի հետ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելը 100-րդ նշանակության բան է»:

Ըստ նրա՝ տարածաշրջանում կան խաղացողներ, որոնց ձեռք չի տալիս ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի տարածաշրջանային կարգավիճակի բարձրացումը. «Կան աշխարհաքաղաքական զսպող օղակներ, որոնց ձեռք չի տալիս, որ նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի: Նույն ռուսները, երբ խոսքն այդ պայմանագրի այն կետի մասին է, որը ենթադրում է երրորդ երկրների ուժերի բացառում, հասկանում են, որ դա ուշ թե շուտ իրենց է առնչվելու:

Ռուսներն այստեղ ունեն 102-րդ բազան, դեռևս Հայաստանի հետ դաշակիցներ են, բավականին մեծ փաթեթ ունեն ռազմավարական դաշտում, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, և Ռուսաստանը ցանկացած պահի լեգիտիմ իրավունք ունի հայտնվել սահմանին: Ադրբեջանը հեռահար քայլեր է անում, բարաթը պատրաստում է, որ վաղը-մյուս օրը եթե հանկարծ մի բան լինի, Հայաստանի նոր ղեկավարությունը փորձի օգտվել ՀԱՊԿ-ից, այդ ժամանակ հանեն այդ թուղթը, ասեն՝ ստորագրված է, որ սահմանին որևէ այլ մեկը չպետք է լինի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս