
Թրամփի աշխատակազմը կաշխատի Հրվ. Կովկասում, սակայն անհարկի սպասելիքներ չի ձևավորում, քանի որ հասկացել է՝ հակամարտությունը բարդ է. Սիմոնով

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն ակնարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ԱՄՆ մասնակցության մասին։ Այս մասին Սթիվ Ուիթքոֆն ասել էր լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ի մասնակցությունը միջնորդությանը ճիշտ կլինի միայն այն դեպքերում, երբ ԱՄՆ-ը կարողանա ազդեցություն ունենալ:
«Ինչո՞ւ վատնել Ձեր ժամանակը կամ Միացյալ Նահանգների ժամանակը: Ինչո՞ւ ես պետք է գամ նախագահի մոտ և առաջարկեմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան ավարտել երկխոսության միջոցով, իսկ հետո չկարողանանք դա անել: Դա վատ քաղաքական ռազմավարություն է։ Եթե ես չմասնակցեմ այդ գործընթացին, գնահատական տամ, հետո նախագահին ասեմ, որ երկխոսության միջոցով կարող ենք արդյունքի հասնել, միայն այդ դեպքում մասնակցությունն իմաստ կունենա։ Այդ հաշվարկները կիրառելի են ոչ միայն Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Ադրբեջանի և Հայաստանի համար»,- ասել էր Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ այդ սկզբունքները կարող են կիրառվել բոլոր հակամարտությունների դեպքում, և ԱՄՆ-ը պետք է բանակցություններին մասնակցի միայն այն դեպքերում, երբ ազդեցության իրական հնարավորություններ ունի:
Ուշագրավն այն է, որ շաբաթներ առաջ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստանում բանակցություններից հետո մեկնել էր Բաքու բանակցությունների նպատակով։ Այցից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով Մայքլ Ուոլցը նշել էր, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»,- գրել էր Ուոլցը:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Թրամփի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, չի ներքաշվի հակամարտությունների կարգավորման գործընթաց ոչ էական և բարդ ռեգիոններում, որոնցում կարգավորումը կարող է էականորեն երկարաձգվել։
Ըստ նրա՝ այս վարչակազմին հարկավոր են կոնկրետ և արագ արդյունքներ՝ ցույց տալու համար Թրամփի ադմինիստրացիայի բացառիկությունն ու տարբերությունը Բայդենից և դեմոկրատներից։
«Ռուսաստանի հետ բանակցությունների հարցն այլ է, Ուկրաինայի հարցում ՌԴ-ի հետ պայմանավորվելն այլ կշիռ ու նշանակություն ունի աշխարհի համար՝ անկախ նույնիսկ պայմանավորվածությունների բովանդակությունից։ Ուստի որքան էլ բարդ լինեն այս բանակցությունները, Թրամփը ներգրավված կլինի այս բանակցային գործընթացում։ Թրամփի ադմինիստրացիան դեմ չէր լինի նպաստել խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում, ուստի կարծում եմ, ամենայն հավանականությամբ, որոշակի աշխատանքից հետո Թրամփի դիվանագետների համար պարզ է դարձել, որ համաձայնությունը Երևանի ու Բաքվի միջև մոտ չէ։ Եվ աշխարհաքաղաքական այս բարդ վիճակում, դատելով ԱՄՆ ներկայացուցչի խոսքերից, ԱՄՆ-ը այդ ռեսուրսը նպատակահարմար չի համարում ներդնել մի պրոցեսում, որի դիվիդենտներն անմիջապես չի ստանալու։
Սա աշխարհաքաղաքականության նկատմամբ բիզնես մոտեցման ցուցիչ է, որը բնորոշ է հենց այս վարչակազմին։ Մյուս կողմից էլ՝ եթե հակամարտող կողմերը կարողանան առանց միջնորդի հասնել համաձայնության, ապա ինչո՞ւ է պետք, որպեսզի ԱՄՆ-ը դրանում հայտնվի՝ որպես միջնորդ։ Կողմերն ազդեցիկ միջնորդի կարիք ունենում են համաձայնության հասնելու անկարողության դեպքում, այսինքն՝ հենց այս դեպքում միջնորդ հարկավոր է։ Սակայն բոլոր հիմնական միջնորդները հասկացել են, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները երկար ձգվող ու պատմական բարդություններ ունեցող հակամարտություններ են, ուստի անընդհատ դրանցում միջնորդությունը նպատակահարմար չեն համարում, հատկապես՝ ներկա բարդ ժամանակահատվածում։
Եթե Ռուսաստանի ու Ուկրաինայի դեպքում ԱՄՆ-ը նպատակահարմար է համարում միջնորդելը, քանի որ դրա արդյունքներից ունենալու է հստակ օգուտներ, ապա Հարավային Կովկասի դեպքում ԱՄՆ ներկայիս վարչակազմը կա՛մ օգուտներ չի տեսնում, կա՛մ անիրատեսական է համարում համաձայնությունը մոտ ապագայում։ Այս վարչակազմը երկար չի զբաղվելու նման հակամարտություններով, եթե չնկատի, որ կողմերն այդ պահին պատրաստ են կարգավորման»,- ասաց վերլուծաբանը։
Սիմոնովը գտնում է, որ ԱՄՆ աշխատակազմը կշարունակի ժամանակ առ ժամանակ զբաղվել ու հետաքրքրվել հակամարտությամբ, սակայն բարդությունների հանդիպելիս կարգավորման շահագրգռություն չի ցուցաբերի, ինչպես այս դեպքում։
Ուստի, նրա գնահատմամբ, ԱՄՆ հատուկ բանագնացի արտահայտած կարծիքը պատահական չէ։
«Թրամփի վարչակազմը ոչ մի դեպքում չի վարվի այնպես, ինչպես Բայդենի վարչակազմը, որը երկար ջանքեր էր ներդնում՝ չստանալով որևէ արդյունք, զուգահեռաբար բարդացնելով աշխարհաքաղաքական դիմակայությունը։ Այս աշխատակազմն արդյունքի միտված քաղաքականություն է վարում և անիմաստ սպասելիքներ չի ձևավորում, որը գուցե ավելի լավ է»,- ասաց Սիմոնովը։