
ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԼԱՓԱՄԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՆ Է. ԻՋԵՎԱՆԻՑ ԵԿԵԼ, ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ՕՐԸ 1 ՄԻԼԻՈՆ 700.000-ՈՎ ԱՊՐՈՒՄ Է, ԵՐԵՎԱՆՑՈՒՆ ԷԼ ԱՍՈՒՄ Է՝ ԾԱԽԵՔ ՁԵՐ ՏՆԵՐԸ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Էդգար Ղազարյան.- Բոլոր պետությունների բարեկեցությունը կառուցված է արժեքային հիմքի վրա։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը որ պահից է որոշել, որ մեզ ազգային նպատակներ պետք չեն, բայց գիտեմ, որ 2020թ․ իր կողմից ստորագրված ազգային ռազմավարության մեջ մեր նպատակները հստակ ձևակերպված են։ Ի՜նչ լավ ապրելու, լավ ապրուստի, բարեկեցիկ կյանքի մասին է խոսքը։ Իմ տարիքի կեսը չապրած մարդիկ իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Հիմա սա ասում է՝ դա մեր հայրենիքը չէ։
Մեսրոպ Մանուկյան.- Ես շփվում եմ Արցախյան առաջին պատերազմի զոհերի ծնողներից շատերի հետ։ Նրանցից, օրինակ, տիկին Լաուրան ասում է՝ ես չեմ կարող ներել Փաշինյանին, որ իմ որդու ազատագրած հողը հանձնեց, որովհետև տարին մեկ ես գնում էի իմ որդու զոհված վայրում տեղադրված խաչքարի մոտ՝ Արցախ, ու անասելի հպարտություն էի ապրում։
Էդգար Ղազարյան.- Մեր ազգային իղձերից հրաժարվելով՝ Փաշինյանը մարդկանց բարեկեցությունը բարձրացրե՞լ է։ Ընդհակառակը, հարկերը բարձրացրել է, աղքատության մակարդակը՝ նույնպես, պետության պարտքը կրկնակի ավելացրել է… երկրում կոռուպցիայի, թալանի ծավալներն ավելացրել է… Ինքը ոչինչ չի արել, որևէ օգտակար բան։
Մեսրոպ Մանուկյան.- Օրինակ, Երևանի քաղաքապետարանը մինչև ականջների ծայրը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Երկրում կոռուպցիոն բուրգ է գործում։ Օրինակ՝ ավտոբուսների մեջի կոպեկների արկղերը գնել են հատը 135.000 դրամով, երբ դրա շուկայական արժեքը 35.000 դրամ է։ Փորփրեցի, պարզվեց՝ էդ արկղերն առել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ամուսնուց։ Այլ օրինակ՝ էդքան գովազդված չինական «Ժոնգ տոնգ» ավտոբուսները, որ օրիգինալ էլ չեն, չինականի չինականն է, Հայաստան են հասել 2 նստատեղ պակաս վիճակով։
Էդգար Ղազարյան.- ԱՆԻՖ-ում (Փաշինյանի ստեղծած Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում) ոչ մեկը գործ չի անում․ հսկայական աշխատավարձեր են ստանում, բայց իրենց վերապահված գործառույթը հավելյալ գումարով աութսորս են անում այլ կազմակերպության։
Հիշեցնենք, որ «ԱՆԻՖ» հիմնադրամով 60 մլն դոլար են մսխել պետական միջոցներից և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
ԱՆԻՖ-ով որոշ դրվագների մասին էր օրերս հրապարակում ներկայացրել 168.am-ի տնտեսական մեկնաբանը.
1. 5 մլրդ դրամի ներդրում 8 oրվա հիմնադրման պատմություն ունեցող օֆշորային ընկերությանը, որը պատկանում է իր իսկ կնոջ ընկերուհուն: Ընկերությունն այդպես էլ որևէ ծառայություն ստացված գումարի դիմաց չի մատուցել։
2. 5 տարվա ընթացքում 2.7 մլրդ դրամի կամ 6.9 մլն ԱՄՆ դոլարի հատկացում ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղին, ու դրա դիմաց գրանցված զրո արդյունք։
3. ԱՆԻՖ հիմնադրամի կողմից ստեղծված «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի՝ հայտնի ինչպես «FlyArna», սնանկ ճանաչում, որի դեմ նաև դատական հայց է ներկայացրել վարձակալությամբ ինքնաթիռներ տրամադրող իռլանդական ընկերությունը։
4. Հիմնադրամի աշխատանքներում ներգրավված անձանց աստղաբաշխական աշխատավարձեր։
Այս հիմնադրամի ստեղծման գաղափարը պատկանում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Հիմնադրամը պետական գրանցում ստացել էր դեռ 2019թ. մայիսին, և 5 տարի անց՝ 2024-ի գարնանը, նույն կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթաց սկսել։ Հիմնադրամի սկանդալային ու կոռուպցիոն գործունեության մասին գիտեն բոլորը, քրեական գործը հարուցված է, բայց մինչ օրս մեղադրյալներ չկան։
Մեսրոպ Մանուկյան.- ԱՆԻՖ-ի աշխատողներն այդ ամենից հետո էլ անգործ չեն մնացել։ Ավինյանի հետ արտագաղթել են Երևանի քաղաքապետարան, բարձր աշխատավարձերով նրանց աշխատանքի են տեղավորել Երևանի քաղաքապետարանում։
Էդգար Ղազարյան.- Կառավարական ամառանոցի 1 օրվա պահպանման ծախսը 1 միլիոն 700.000 դրամ է՝ առանց վերանորոգման ծախսերի։ Էնտեղ ապրում են Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքով, ու 5 շուն։ Աշոտիկը չկա, բայց 5 շուն կա։ Իրենցից բացի, ապրում են նաև Արարատ Միրզոյանի և Ալեն Սիմոնյանի ընտանիքները։
Հիշեցնենք, որ վերջերս հասարակական գործիչ Միքայել Նահապետյանն այդ կապակցությամբ գրել էր.
«Ամեն բացվող առավոտ մենք բոլորս վճարում ենք 4200 դոլար էն մի քանի երջանիկ ընտանիքների կենցաղի համար, որոնք ապրում են Կոնդի կառավարական ամառանոցում։ Այդպես օրինակ այս տարի վճարելու ենք մոտ 1,5 միլիոն դոլար, որը պատմական ռեկորդ է դաչայի բյուջեում։ Այդ փողի մեջ չեն մտնում անվտանգության աշխատողները, շարասյունը, բենզինը, պաշտոնական հանդիպումների թաշախուստը ու երջանիկ ընտանիքների աշխատավարձերը…
Այդ օրեկան 4200 դոլարը սուգուբը տանը չստերով լռվելու գումարն է։ Համաձայնեք, որ մի քիչ շատ է իր աճեցրած բադրիջանով աջաբսանդալ սարքող ու Երրորդ մասից բոռդո Քաշքայով ռելոկացիա էղած մարդու համար։
Իսկ ի՞նչի վրա է ծախսում այդ փողը աշխարհի ամենաթափանցիկ, ժողովրդավար ու բալանդ կերած իշխանությունը։ Այ դա պետական գաղտնիք է։ Բայց Նիկոլին ճանաչող ամեն ոք գիտի, որ եթե այդ 4200-ը ծախսվեր շուշաթղթից տաս պակաս ուկրաինական զուգարանի թղթի, տուշոնկի ու Դաշիռակի վրա` դրա մասին անպայման կհայտարարվեր Հ1-ով ու ՀԺ-ով…»։
Մեսրոպ Մանուկյան.- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների) հոգաբարձուների խորհրդի աշխատակիցների վրա նախկինում որևէ կոպեկ չի ծախսվել։ Ես անդամ եմ եղել այդ հիմնադրամի։ Մեզ համար այն ժամանակ՝ մինչև այդ չարաբաստիկ հեղափոխություն կոչվածը 2018 թվականի, սկզբունք էր որևէ կոպեկ զինվորների այդ փողից չօտագործելը։ Հիմա Փաշինյանը և նրա թիմը զինվորի համար նախատեսված այդ գումարներից տարեկան 600 միլիոն դրամ գումար հատկացրել են հոգաբարձուների խորհրդի ծախսերին։ Էլ չեմ խոսում ահռելի բարձր աշխատավարձերի մասին…
Սրանք թիթեռնիկի կյանքով են ապրում։ Էսօր եկավ փողը, կծախսեն։ Եկել են մի բան կպցնեն ու գնան։ Դրանց հետ հավասար փայատեր են Արամ Զավենի Սարգսյանենք՝ իրենց խմբակցությամբ։ Հայտնի Անի Խաչատրյանն ասում է՝ լավ է արել, որ Ավինյանը 20 000 դոլարանոց տոմսով է գնացել Ամերիկա, ես լինեի Ավինյանի տեղը՝ ոչ էլ հետ կտայի էդ փողը։ Երևանցիների համար է արել, փաստորեն էդ թանկանոց տոմսը։ Կեղծ ժողովրդավարների խնդիրը լափամանից օգտվելն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակից է այս համատարած կոռուպցիային։
Իսկ գիտե՞ք՝ նոր բերած ավտոբուսների սպասարկման համար ամսական ինչքան փող են դուրս գրում՝ 320 միլիոն դրամ։
Էդգար Ղազարյան.– Ինքն Իջևանից եկել է Երևան, մեր հաշվին օրը 1 միլիոն 700.000 դրամով ապրում է, երևանցիներին էլ ասում է՝ տունը ծախեք, գնացեք մարզերում ապրեք։
Մի հատ վերազգային կորպորացիա Հայաստանում ներդրումներ չի անում, որովհետև արտաքին ներդրողների ինդիկատորը ներքին ներդրողներն են։
Մեսրոպ Մանուկյան.- Գնում, գործարաններում լենտ են կտրում, շոուն անում են, ցույց են տալիս, 10 օր հետո փակվում է։
Էդգար Ղազարյան.- Սրանց ապօրինի գույքով զբաղվելու բոլոր ինստանցիաները ստեղծված են։ Մի ամիս է պետք, որ սրանց գնալուց հետո մեր ժողովրդից իսկապես թալանվածը վերադարձվի։
Մեսրոպ Մանուկյան.- Գյումրիում ընդդիմադիր ուժերը շատ ուժեղ դիրքեր ունեն։ Նրանք առնվազն ընդհանուր առմամբ 70% քվե ստանալու հնարավորություն ունեն։ Բոլոր թեկնածուները շատ լավ գիտակցում են, որ իրենց ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կգնա իրենց կալանավորելու։ ՏԻՄ-երում բոլոր ընտրություններից հետո արդյունքները կեղծվում են, ավագանու նախընտրական ցուցակներից ՔՊ-ն մարդիկ է գողանում։ Թեկնածուները դա հասկանում են։ Դրա համար ցուցակներում ընդգրկել են ընտանիքի անդամների, որ գողանալու հնարավորություն չլինի։
Էդգար Ղազարյան.- Գյումրիում դրամահավաք արեցին։ Երևանցիներով գնացել, գյումրեցիներից փող են հավաքում, որ թույլ տան՝ գյումրեցիներն իրենց համար քաղաքապետ ընտրեն։
Մեսրոպ Մանուկյան.- Դանիել Իոաննիսյանենք օրվա կուրսով երաժիշտներ են։ Ոնց վճարում են, նենց երգում են։ ՔՊ-ի այլանդակ վարչական ռեսուրսի կիրառումը, ահաբեկումները չեն տեսնում, Մարտուն Գրիգորյանի՝ ընտրություններից առաջ փռած շիբինը տեսնում է։
Էդգար Ղազարյան.- Գյումրիում հիմա ճգնաժամ է, որը ՔՊ-ն է ստեղծել։ Քաղաքը բյուջե չունի։ Բալասանյանի հետ դաշինք կազմեցին 2021թ․։ Էդ գործարքի արդյունքում որդուն նշանակեցին Իրաքում դեսպան, հետո, երբ քաղաքապետը սկսեց դիմադրել ՔՊ-ականներին, դուրս եկան կոալիցիայից, Իրաքից 57 օր հետո դեսպանին հետ կանչեցին, Բալասանյանի մյուս որդուն օդանավակայանում ձերբակալեցին, Սամվել Բալասանյանին էլ ինչի մեջ ասես չմեղադրեցին, ավագանին մանդատներից հրաժարվեց, քաղաքի կառավարումը պարալիզացվեց։ Գյումրիում ՔՊ-ի հանրային վստահությունը 0 է։ Վստահ եմ՝ հակաիշխանական կոալիցիա կձևավորվի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը ռեպրեսիաների չգնա։
Մանրամասները՝ տեսանյութում։